Մոսկվայի «Վնուկովո» եւ «Շերեմետեւո» օդանավակայաններում իրավապահ մարմինների աշխատակիցները երկու օդանավերում ստուգում են անցկացնում՝ ճշտելու համար դրանցում պայթուցիկ սարքերի առկայության մասին տեղեկությունները։ Այսօր՝ հունվարի 10-ի առավոտյան, անհայտ անձն ուժային կառույցներին հաղորդել է օդանավում տեղադրված ռումբի մասին: Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է ուժային կառույցների իր աղբյուրը։

Անհայտ անձի խոսքով՝ պայթուցիկ սարքը գտնվում է Վիլնյուսից եկող օդանավում։ Այս կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները «Վնուկովո» եւ «Շերեմետեւո» օդանավակայաններում ստուգում են Լիտվայի մայրաքաղաքից ժամանած երկու օդանավերը։

Օդանավերի ուղեւորներին շտապ իջեցրել են, իսկ օդանավերը՝ մեկուսացրել օդանավակայանների հեռավոր կայաններ։ «Վնուկովոյում» վայրէջք կատարած օդանավում ռումբ չեն գտել, իսկ «Շերեմետեւոյում» ստուգումները շարունակվում են։

 «Պայթուցիկ նյութի հնարավոր առկայության վերաբերյալ զանգը ստացել են Վիլնյուսի օդանավակայանում, ապա կապի աղբյուրներով այդ տեղեկությունը հայտնել են Մոսկվայում»,- ասել է գործակալության զրուցակիցը։