Հայաստանի նախագահի եւս երկու թեկնածու հրաժարվել է հետագա ընտրապայքարից` պատճառաբանելով ընտրագրավի մեծ լինելու հանգամանքը: Այսօր` հունվարի 10-ին լրագրողների հետ զրույցում հետագա պայքարից հրաժարվելու մասին հայտարարել է «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման կոորդինատոր Ռոբերտ Ահարոնյանը, ով ինքնառաջադրվել էր:
Վերջինս անլուրջ է համարել նման գումարներ ծախսելը` խոստանալով դրանք ծախսել սեփական ծրագրերի իրականացման համար: Հետագա պայքարից հրաժարվելու մասին հայտարարել է նաեւ Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, ով, ինչպես եւ Ահարոնյանը, չէր մուծել 8 մլն դրամ ընտրագրավը:
Նշենք, որ երեկ ընտրապայքարից րաժարվելու մասին հայտարարել էր նաեւ ԲՀԿ անդամ, ինքնառաջադրված Ռուբեն Այվազյանը: ԿԸՀ-ն նախօրեին 48 ժամով երկարացրել էր ժամկետը, երբ թեկնածուները կարող էին ներկայացնել 8 մլն դրամի անդորրագիրը, այն ավարտվում է այսօր կեսօրին, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատելու է առաջադրված թեկնածուների ցանկը, գրանցումը տեղի կունենա մինչեւ հունվարի 14-ը:





























