Վարդան Սեդրակյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա վստահ է, որ նախագահական ընտրություններից հետո ստանձնելու է նախագահի պաշտոնը:Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին հրավիրված ասուլիսին ասաց ինքը` նախագահի թեկնածուն:
Նրա խոսքով, այդ վստահությունը ոչ ավելացել է, ոչ պակասել: Ավելին՝ կարծում է, որ նախորդ երկու նախագահները իրենց չմասնակցությամբ ցույց տվեցին, որ իր ծրագիրը իրատեսական է: Հարցին, թե ինչ կերպ է վարվելու օլիգարխների հետ նախագահ դառնալուց հետո ասաց` այն, ինչ անում են ամբողջ աշխարհում: «Օլիգարխները վճարելու են հարկերը օրինական ձեւով»,-Վարդան Սեդրակյանը:
Հարցին, թե ում կողմից է ֆինանսավորվում, Վարդան Սեդրակյանը պատասխանեց. «Ինձ միայն մտորելու առիթ են տալիս այն խոսակցությունները, իբր ես կրոնական կազմակերպությունների կողմից եմ հովանավորվում: Ես հայ առաքելական եկեղեցու հետնորդ եմ: Մկրտվել եմ քառասուն օրական հասակում: Իսկ Էջմիածինը իմ հոգեւոր աշխարհի հենասյուներից մեկն է: Իսկ մյուս խոսակցությունները, վարկածները անհեթեթություններ եմ համարում»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:




























