Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է, թե մայրաքաղաքում շարունակվում են փողոցների եւ մայթերի, ինչպես նաեւ բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավվել է վարչական շրջանների համապատասխան ծառայություններում առկա ամբողջ տեխնիկան, ինչպես նաեւ  շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ողջ գիշերվա ընթացքում փողոցներն ու մայթերը մշակվել են աղով եւ ավազով: Առավոտյան ժամը 4-ից գրեյդերների միջոցով մաքրման աշխատանքներ են իրականացվել գլխավոր պողոտաներում եւ փողոցներում: Հունվարի 10-ի առավոտյան տվյալներով՝ փողոցների եւ մայթերի մաքրման եւ մշակման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 200 տոննա աղ եւ շուրջ 800մ/խ ավազ։ Ներկայում, փողոցների եւ մայթերի մաքրմանը զուգահեռ, տեղափոխվում է կուտակված ձյունն ու համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաեւ պայմանագրային կարգով ներգրավված շուրջ 274 աշխատողների ու 120 երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաեւ վերգետնյա անցումների, ստորգետնյա անցումների աստիճանահարթակների, շքամուտքերի հարակից եւ բակային տարածքների մաքրման աշխատանքներ։