Ռուս 3 լեռնագնացներ Վրաստանում՝ Կազբեգիում ձնահոսքի տակ են ընկել։ Վատ տեսանելիության պատճառով փրկարարները չեն կարողացել օգնություն ցուցաբերել զբոսաշրջիկներին, հաղորդում է «GHN»-ը։
Գործակալության տվյալներով՝ ռուս լեռնագնացները ձնահոսքի տակ են ընկել լուսաբացին, Տրոիցա վանքից վերեւում, երբ իջնում էին գագաթից։ Նրանք 4 հոգով էին, մի անչափահասի հաջողվել է փրկել եւ նա տեղափոխվել է Կազբեգիի հիվանդանոց։
Ընդ որում, «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հաղորդել է 3 ռուս լեռնագնացների մահվան մասին։ «Լեռնագնացները դուրս են եկել հունվարի 2-ին, եւ մինչեւ հիմա այնտեղ են եղել։ Նրանք ընկել են ձնահոսքի տակ առավոտյան եւ մեզ հայտնի է, որ նրանք Մոսկվայից էին, ողջ է մնացել միայն մի երեխա, որի ձեռքի մատները սառել են»,- հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կազբեգիի քաղաքապետ Շալվա Էլոշվիլին, մեջբերում է «Նովոստի- Գրուզիա»-ն։





























