2013թ. Հայաստանի քաղաքական լանդշաֆտը ավելի բազմազան կդառնա: Այդ մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողներին հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով՝ 2012թ. Հայաստանում շատացել են քաղաքական ակտիվ գործիչները, իսկ ներքին քաղաքականության գաղափարաբանական բաղադրիչն ընդլայնվել է:
«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, ապա մենք հավատարիմ կմնանք մեր նախընտրական ծրագրին: Իսկ շուտով կհրապարակվի նաեւ մեր առաջնորդ Սերժ Սարգսյանի՝ որպես նախագահի թեկնածուի նախընտրական ծրագիրը: Այդ երկու փաստաթղթերի դրույթները մենք պատրաստվում ենք կատարել հնարավորինս իրագործել, այն հերթականությամբ, որը կորոշի մեր կուսակցությունը», – ասել է Մկրտիչ Մինասյանը:
Հիշեցնենք, որ 2012թ. Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթեց ՀՀԿ-ն: Նախագահական ընտրությունները նշանակված են 2013թ. փետրվարի 18-ին:





























