«Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ տնօրեն պրոֆոսոր Գ.Գ. Օկոեւը մեկնաբանել է քաղաքացի Կարո Կարապետյանի` իր հասցեին հնչեցրած մեղադրանքները` կապված իր կնոջ` Նունե Մաղաքյանի վիրահատության հետ:  «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ն ներկայացրել է որոշակի պարզաբանումներ` քաղաքացի Նունե Մաղաքյանին բժշկական վիրահատական միջամտության ենթարկելու վերաբերյալ;

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Նունե Մաղաքյանի ամուսին Կարապետ Կարապետյանի կողմից լրատվամիջոցների միջոցով տարածվում են ոչ միայն իրականությանը չհապատասխանող տեղեկություններ, այլ նաեւ «Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ին եւ անձամբ պրոֆեսոր Օկոեւին ուղղված անվայել եւ վիրավորական արտահայություններ, որոնց չեն անդրադառնում`ցանկանալով մնալ քաղաքակիրթ երկխոսության եւ կոռեկտության սահմաններում: Հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները, ներկայացրել են բացառապես բժշկական գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ կամ այնպիսի տեղեկություններ, որոնք հայտնի են դարձել Ն.Մաղաքյանի եւ իր ամուսին Կ.Կարապետյանի հրապարակային հայտարարություններից:

«Ն.Մաղաքյանը 2008թ.-ի հոկտեմբերին` ունենալով ցավեր, դիմել է «Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ բուժօգնություն ստանալու խնդրանքով: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Ն.Մաղաքյանին բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է կատարել վիրահատություն, ինչի վերաբերյալ Ն.Մաղաքյանը տվել է իր գրավոր համաձայնությունը:

Վիրահատության ընթացքում պարզ է դարձել, որ նախնական ախտորոշումից բացի առկա են նաեւ վիրահատական միջամտության ենթակա այլ խնդիրներ, ինչը հաշվի առնելով` վիրահատությունն իրականացնող բժիշկի կողմից որոշում է կայացվել ընդլայնել վիրահատության ծավալը: Վիրահատության ընթացքում տեղի է ունեցել նման վիրահատությունների դեպքում բժշկությանը հայտնի բարդություններից մեկը, որից հետո կարիք է առաջացել այլ մասնագետների միջամտության, եւ Ն.Մաղաքյանը տեղափոխվել է այլ բժշկական կենտրոն: Մի քանի վիրահատություններից հետո Ն.Մաղաքյանի գրավոր խնդրանքով եւ գրավոր փաստաթղթի կազմման հիման վրա իր երիկամը հեռացվել է»,- հայտնել են նրանք:

Տարածած հայտարարության մեջ ներկայացրել են նաեւ Մաղաքյանի եւ Կարապետյանի մեղադրանքները հերքող հիմնական փաստերը: Նախ, պնդում են, որ

«Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացված վիրահատական միջամտության ընթացքում որեւէ բժշկական սխալ չի կատարվել:

Սա հաստատվում է երեք փորձաքննական եզրակացություններով, որոնցից երկուսը Հայաստանի Հանրապետությունում գործող բժիշկ մասնագետների կողմից իրականացված դատաբժշկական փորձաքննություններ են, մեկը` գերմանացի բժշկի կողմից իրականացված փորձաքննություն է:

«Գերմանացի բժշկին դիմել էր Ն.Մաղաքյանը եւ իր ամուսինը, եւ եթե նրանց կարծիքով Հայաստանում փորձաքննություններն իրականացվում են ոչ օբյեկտիվ, ապա գերմանացի մասնագետի անաչառությանը կասկածելու որեւէ հիմքեր նրանք չունեն: Մասնավորապես, գերմանացի բժիշկն իր եզրակացության մեջ հստակ նշել է, որ պրոֆեսոր Օկոեւը վիրահատության ընթացքում որեւէ բժշկական սխալ թույլ չի տվել եւ իր կողմից վիրահատության ծավալների ընդլայնումը եղել է ցուցված եւ ուղղված է եղել հիվանդի առողջության բարելավմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Ի պատասխան Կարո Կարապետյանի հնչեցրած մեղադրանքներին, թե ընդլայնված վիրահատության համաձայնություն չի եղել, ընդամենը պետք է կիստաները հեռացնեին, «Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ»-ից հայտնեցին, որ բժշկական վիրահատությունը իրականացվել է Մաղաքյանի համաձայնությամբ: «Սա հաստատվում է Մաղաքյանի կողմից ստորագրված գրավոր համաձայնությամբ, այն պարագայում, երբ օրենքը նույնիսկ բանավոր համաձայնությունն է բավարար համարում: Նշենք նաեւ, որ բացի համաձայնությունը գրավոր տալուց Ն.Մաղաքյանը նաեւ տեղեկացվել է վիրահատության, վիրահատական միջամտության էության մասին, նրան բացատրվել է, որ վիրահատության ընթացքում հնարավոր են բարդություններ եւ վիրահատության ծավալի փոփոխություն, ինչը նույնպես գրավոր հաստատվել է Մաղաքյանի կողմից»,- նշեցին նրանք:

Ինչ վերաբերում է  ընտանիքի աղմուկ բարձրացնելուց հետո վիրահատությունը պետպատվեր ձեւակերպելու մասին Ն.Մաղաքյանի ամուսնու հայտարարությանը, ապա հիվանդանոցից նշում են, որ վիրահատությունը օրինական կերպով կատարվել է պետպատվերի շրջանակներում: Բժիշկը կամ բժշկական կազմակերպությունը ինքնուրույն իրավունք չունեն որոշելու, թե որ վիրահատությունը կամ այլ բժշկական ծառայությունը պետք է կատարվի պետպատվերի շրջանակներում, քանի որ դա կատարվում է պետական մարմինների կողմից նախապես հաստատված կարգով եւ դեպքերում: Նշենք, որ պետպատվերի ձեւակերպումը բժշկական կենտրոնի կողմից իրականացվող բարեգործություն չէ, այլ օրենքով սահմանված պարտականություն: Տվյալ դեպքում վիրահատությունը կատարվել է պետպատվերի սահմաններում, քանի որ առկա է եղել ցավային սինդրոմ` համաձայն վիրահատության կատարման պահին գործող իրավական կարգավորման:

«Իսկ եթե Ն.Մազաքյանը եւ նրա ամուսին Կ.Կարապետյանը գտնում են, որ վիրահատությունը չպետք է կատարվեր պետպատվերի շրջանակներում, ապա նրանք կարող են պետբյուջե վերադարձնել վիրահատության արժեքը, որը փոխանցվել է բուժհաստատությանը»,- հայտնեցին նրանք:

Երիկամը հեռացնելու եւ այն չվերադարձնելու մասին հայտարարության վերաբերյալ էլ նշում են, որ Ն.Մաղաքյանի երիկամը հեռացվել է իր իսկ գրավոր խնդրանքով այլ բժշկական կենտրոնում «Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ում վիրահատվելուց ավելի քան կես տարի անց: «Ն. Մաղաքյանը հրաժարվել է իրեն առաջարկած բուժման երկու եղանակներից, որոնք թույլ կտաին պահպանել երիկամը, եւ գրավոր դիմել է իր երիկամը հեռացնելու խնդրանքով: Ինչ վերաբերում է հեռացված երիկամը իրեն չհանձնելու վերաբերյալ անհեթեթ մեղադրանքին, ապա Հայաստանի Հանրապետությունում գործող հիգիենիկ եւ հակահամաճարակային նորմերի համաձայն հեռացված օրգանները ենթակա են հատուկ առանձնացված պահպանման եւ հատուկ եղանակով ոչնչացման, ինչի պարագայում բժշկական կենտրոնի կողմից հիվանդի նման անհեթեթ խնդրանքի կատարումը ապօրինի կլիներ»,- հայտնեցին հիվանդանոցից: Նրանց փոխանցմամբ` քաղաքացիական գործով դատաքննության ընթացքում Ն.Մաղաքյանի ամուսին Կ.Կարապետյանը, հանդես գալով որպես վկա (դատաքննության ընթացքում վկան քրեական պատասխանատվություն է կրում սուտ ցուցմունք տալու համար, ի տարբերություն լրատվամիջոցներով սուտ տեղեկություններ տարածելու դեպքերի) դատարանին հայտնել էր, որ ավստրիացի, Սանկտ-Պետերբուրգի եւ հայ մասնագետների կարծիքով Ն.Մաղաքյանի երիկամը մինչեւ հեռացումը ուներ 80 տոկոս ոչ պիտանիության աստիճան, ինչը Ն.Մաղաքյանի կողմից առաջարկված բուժման եղանակներից հրաժարվելու արդյունք էր:

«Կ.Կարապետյանի կողմից հնչեցված սուտ տեղեկությունները եւ մեղադրանքներր հիմնված են բացառապես իր բանավոր հայտարարությունների, չապացուցված եւ իր իսկ կողմից հորինված փաստերի վրա, չունեն որեւէ փաստական եւ իրավական հիմքեր եւ ուղղված են հասարակությունը մոլորության մեջ գցելու եւ «Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ն վարկաբեկելու նպատակին: Դրա ամենավառ ապացույցն այն է, որ Կ.Կարապետյանը չցանկացավ հրապարակել եւ հասարակությանը հասանելի դարձնել իր իսկ պատվերով կատարված գերմանացի բժիշկի փորձաքննության եզրակացությունը»,- հայտնեցին «Մոր եւ մանկան» կենտրոնից:

Հաշվի առնելով, որ մինչ օրս լրատվամիջոցների կողմից Ն.Մաղաքյանի վիրահատության հետ կապված տեղեկատվությունը հրապարակվել է խիստ միակողմանի, առանց ստուգելու Կ.Կարապետյանի կողմից տարածված անհիմն մեղադրանքները, «Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ն հուսով է, որ Ն.Մաղաքյանի հայցով հարուցված քաղաքացիական գործի ընթացքը այսուհետ կլուսաբանվի օբյեկտիվորեն` հաշվի առնելով բազմակարծության սկզբունքը, եւ այդ նպատակով պատրաստ է տրամադրել բժշկական գաղտնիք չհանդիսացող ցանկացած տեղեկատվություն: