Սիրիայում Նոր տարին նշանավորվեց նախագահ Բաշար Ասադի ելույթով՝ 7-ամսյա լռությունից հետո: Այդ մասին այսօր՝ հունվարի 10-ի մամուլի ասուլիսում հայտնել է արաբական գիտությունների թեկնածու Արմեն Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Բաշար Ասադի ելույթը, ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելուց բացի, նաեւ ճգնաժամի կարգաորման ծրագիր էր, որն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ ադ ճգնաժամը դուրս է եկել երկրի սահմանների շրջանակից:
«Կարելի է առաջիկա ամսվա վերաբերյալ մի փոքր կանխատեսում անել: Հունվարի 11-ին կկայանա Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմիի, Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիլյամ Բերնսի երկրորդ հանդիպումը: Հանդիպման ֆոնին Սիրիայում հերթական ահաբեկչության հավանականություն կա», - նշել է արաբագետը, հավելելով, որ հետագա ժամանակահատվածում ռազմական գործողությունները փոքր-ինչ կնվազեն:
«Թեպետ շարունակվում են «հետբաշարովյան» Սիրիայի վերաբերյալ խոսակցությունները եւ քննարկումները, երկրի գործող նախագահն իր վերջին ելույթում հասկացրել է, որ առայժմ երկրի ղեկավարն ինքն է եւ որոշումներն ինքն է կայացնում», - ամփոփել է Արմեն Պետրոսյանը:





























