ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա դստեր` 16-ամյա Դիանա Սիրունյանի ինքնասպանություն կատարելու փաստով հարուցված քրեական գործը 2012թ դեկտեմբերի 24-ին կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Գործը կարճվել է Քրեական դատավարության օրենսգքրի 35 հոդվածի 1-ին մասի 1-րդ կետի հատկանիշներով: Ըստ այդ հոդվածի` քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցադեպ չկա:

Նշենք, որ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա դստեր` 16-ամյա Դիանա Սիրունյանի ինքնասպանության փորձ կատարելու փաստի առթիվ  Արաբկիրի քննչական բաժնում օգոստոսի 18-ին հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելու փորձ):

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։ Դրանից հետո աղջիկը  որոշ ժամանակ գտնվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր: Իսկ օգոստոսի 22-ի առավոտյան ժամը 04:30-ին, նա մահացել էր: