Սիրիայի հակամարտության գործընթացում հավանական երեք սցենար կա: Այդ մասին այսօր՝ հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Պետրոսյանը:
Ըստ նրա՝ առաջինը Բաշար Ասադի տապալման սցենարն է: «Տվյալ սցենարը ոչ մի լավ բանի չի հանգեցնի եւ քաոս կստեղծի: Դա լավ են հասկանում նաեւ արտաքին խաղացողները», - ընդգծել է Արմեն Պետրոսյանը: Երկրորդ սցենարի կապակցությամբ նա նշել է, որ հնարավոր է Սիրիայի բաժանում՝ կրոնական եւ ազգային սկզբունքով: «Սակայն հակամարտության նման լուծումը եւս ձեռնտու չի լինի կողմերին», - նկատել է փորձագետը: Երրորդ հավանական տարբերակը Սիրիայում պատերազմի դադարեցումն է: Ըստ Արմեն Պետրոսյանի՝ այդ տարբերակը հնարավոր է միջազգային երաշխիքների հիման վրա փոխզիջման հասնելու դեպքում:





























