Հայաստանի գործող նախագահը, անշուշտ, սպասվող նախագահական ընտրություններում գաղափարական հակառակորդներ ունի: Սակայն նա ուժային ռեսուրսներ ունեցող եւ ընտրական տեխնոլոգիաների գիտակ մրցակից չունի: Այդ մասին այսօր՝ հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը վերընտրվելու դեպքում մեկ տարի էլ չի պաշտոնավարի, եթե երկրում իրավիճակի կարգավորման միջոցներ չձեռնարկի: «Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում ես որոշ պահանջներ ունեմ, որոնց թվում են կուսակցական նոր բարեփոխումը, կուսակցությունների վերագրանցումը, «հանրապետական խունտայի» վերացումը, նոր ընտրական, կրթական, դիվանագիտական եւ տնտեսական դոկտրինաները եւ երեք կարեւոր հանցավոր տարրերի վերացումը՝ կոռուպցիա, հովանավորչություն եւ բարոյական ահաբեկչություն: Եւ, իհարկե, քաղաքական նոր թիմի ձեւավորում», - նշել է Հակոբյանը:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին չմասնակցելուն, մարքսիստը վստահեցրել է. անհրաժեշտության դեպքում ինքն ու իր համակիրները կլինեն «ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում»:





























