Երեւան քաղաքի բնակիչ Լիլիթ Պողոսյանին առաջիկա 10 օրվա ընթացքում 8.5-ամյա  որդու եւ երկրորդ կարգի հաշմանդամ սկեսուրի հետ հարկադիր կատարողական ծառայության աշխատակիցները դուրս են հանելու տանից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիլիթ Պողոսյանը:

Խոսելով պատճառների մասին` նա պատմեց, որ 2009թ-ին ամուսնու` Վազգեն  Մարգարյանի  ծանոթներից մեկը առաջարկել է ներգրավվել զարդերի բիզնեսի մեջ, որի դիմաց 15 հազար դոլար է պահանջել: Անգամ ամուսնուն տարել են Ռուսաստան եւ նրան համոզել, որ խոսքը լուրջ բիզնեսի մասին է: Վերջինս գնացել է իր ծանոթ կանանցից մեկի հետ փոխառության պայմանագիր է կնքել: Այդ կինը ասել է, որ երեկոյան գնան գումարի հետեւից, սակայն գումարի հետեւից գնում է ոչ թե Լիլիթի ամուսինը, այլ մյուս ծանոթը, իսկ գումարը վերցնելուց հետո անհետանում է:

Այժմ էլ վաշխառուն գումարը Լիլիթի ամուսնուց է պահանջում: Լիլիթի ամուսինը մտածմունքից սկսել է  թմրանյութ օգտագործել, ինչի համար շուրջ երկու տարի է, ինչ կալանավորված է: Վաշխառուն դիմել է դատարան եւ դատարանը հօգուտ նրա է վճիռ կայացրել: Սկեսուրը բողոքել է եւ Նոր Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը այդ կնոջը վաշխառու եւ մեղավոր է ճանաչել: Իսկ վերաքննիչը վաշխառուին արդարացրել է:  Գումարը վերցրած տղայի նկատմամբ էլ հետախուզում են հայտարարել, ում մինչեւ հիմա չեն գտել: «Հիմա հարկադիրը 10 օրվա ընթացքում պետք է գա տանից մեզ դուրս հանի: Դիմել եմ բոլոր իրավասու մարմիններին եւ շարունակելու եմ պայքարը: Մենք գումար չենք վերցրել: Ի՞նչ է խաբեբաների պատճառով մենք մեր տանից պետք է հրաժարվենք»,- ավելացրեց Լիլիթ Պողոսյանը: