Հայաստանի ՊՆ N զորամասի մայոր, 30-ամյա Ա. Դ-ն իր հանձնարարած մաքրությունը վատ կատարելու համար նախատել է զինծառայողներին եւ վերջիններիս հագին տեսնելով չսահմանված տիպի երկարաթեւ շապիկներ, պատռել է դրանք: Արարատի եւ Վայոց Ձորի մարզ ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 30-ամյա Ա. Դ-ն հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1 ուս. վաշտի հրամանատար (կոչումով մայոր), հանձնարարել է նույն զորամասի զինծառայող Թ.Ա-ին կազմակերպել տարածքի մաքրությունը: Վերջինս հանձնարարել է մաքրությունը կազմակերպել զորամաս գործուղված ժամկետային զինծառայողներ Ս.Մ-ին եւ Ա.Պ-ին:

Տարածքը մաքրված չլինելու պատճառով Ա.Դ-ն իր մոտ է կանչել Թ.Ա-ին եւ այդ կապակցությամբ դիտողություն արել: Վերջինս Թ.Առաքելյանի աշխատասենյակ է ուղեկցել Ս.Մ-ին եւ Ա.Պ-ին , որտեղ Ա.Դ-ը մաքրությունը ժամանակին չկատարելու համար դիտողություն է արել նրանց, ապա վերջիններիս հագին տեսնելով չսահմանված տիպի երկարաթեւ շապիկներ, անպարկեշտ ձեւով ստորացրել է նրանց պատիվն ու արժանապատվությունը: Մասնավորապես, նա պատռել է Ա.Պ-ի եւ Ս.Մ-ի հագին եղած շապիկները եւ ապտակել վերջինիս: Քրեական գործ է հարուցվել 360 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալը: Գործը դատարան է ստացվել հունվարի 8-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: