Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին վրդովվեցրել է երիտասարդ չեչենների պահվածքը Ռուսաստանի շրջաններում: Հանրապետական կառավարության անդամների հետ հանդիպման ընթացքում նա բարձրացրել է երկրի սահմաններից դուրս բնակվող երիտասարդների վարքի հարցը:
Պետության ղեկավարը կոչ է արել երիտասարդներին հիշեցնել «ժողովրդական բարոյագիտական կանոնները», որոնք «իսկական չեչենին պարտավորեցնում են ցանկացած վայրում օրինակելի վարք ցուցաբերել»:
«Ինձ վրդովեցնում է ՉՀ որոշ բնակիչների պահվածքը, նրանք իրենց հանդուգն են պահում, զանազան կռիվների մասնակից դառնում, հանրային վայրերում պարեր են ցուցադրում, որտեղ նման բան ընդունված չէ... Անթույլատրելի է երիտասարդների նման պահվածքը այն շրջաններում, որտեղ բնակվում են», - Քադիրովի խոսքերը մեջբերում է Չեչնիայի կառավարության կայքը:
Խնդրի լուծման համար պետության ղեկավարն առաջարկում է սոցիալական տեսահոլովակներ նկարահանել «ազգային իրական վարվեցողության կանոնների մասին», աշխուժացնել հոգեւորականության, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ փոխգործակցությունը, սոցցանցերում երիտասարդ չեչենների հետ աշխատանքներ տանել:
«Չի կարելի մոռանալ, որ նրանք ՌԴ քաղաքացիներ են եւ պետք է հարգեն երկրի օրենքները, խստագույնս պահպանեն վարվեցողության ընդունված օրենքները: Եթե երիտասարդները չեն ցանկանում ենթարկվել օրենքներին, ապա թող վերադառնան տուն», - ամփոփել է Քադիրովը:





























