Սիրիական զինված ընդդիմության դաշնակից պետությունները կփորձեն սլավոնական արտաքինով անձանց միջոցով սադրիչ գործողությունների դիմել։ Նման տեղեկատվություն է տարածել «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով «ռուսական ռազմադիվանագիտական աղբյուրը»: Ըստ այդ աղբյուրի՝ դա նպատակ կունենա վարկաբեկել Սիրիայի ճգնաժամի՝ խաղաղ ճանապարհով լուծելու համար ընթացող բանակցային գործընթացում հիմնական միջնորդ հանդիսացող Ռուսաստանի հեղինակությունը։
Նրա խոսքով՝ Սիրիայի այժմյան իշխող կառույցների տապալման կողմնակիցները հավաքագրում են սլավոնական արտաքինով անձանց՝ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի քաղաքացիների, ովքեր պետք է կատարեն Ասադի կողմից կռվող ռուս վարձկանների եւ, «սիրիական ազատ բանակի» կողմից գերի ընկածների դերը։
Ռուսական աղբյուրի փոխանցմամբ՝ այդ «վարձկանները» հեռուստատեսությամբ պետք է հայտարարեն, որ իրենց հավաքագրել են ռուսական հատուկ ծառայությունները եւ ռազմանավերով ուղարկել Սիրիա:





























