Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը հունվարի 10-ի առավոտյան հարցաքննության է ներկայացել «Օբորոնսերվիսի» գործով։ Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվել է նախկին նախարարը, մտել է Ռուսաստանի Քննչական Կոմիտեի գլխավոր ռազմական քննչական վարչության տարածք։ Այնտեղ գտնվող լրագրողներին Սերդյուկովը ոչինչ չի մեկնաբանել։
ՌԴ Քննչական կոմիտեի շենքի մոտ հավաքվել էին մի քանի տասնյակ լրագրողներ, մեկուկես տասնյակ հեռուստատեսային տեսախցիկներ, ինչպես նաեւ լուսանկարիչներ։ Սերդյուկովը Քննչական կոմիտեի շենք է մտել գլխավոր մուտքով։ Նրա լիմուզինը մգեցված է եղել, սակայն առջեւի ապակուց տեսել են, որ հետեւում նստած է եղել հենց Սերդյուկովը, հայտնում է BFM.RU-ն։
Քննիչներն արդեն հարցաքննում են նախկին նախարարին նրա փաստաբան՝ Հենրիխ Պադվայի ներկայությամբ։ Անատոլի Սերդյուկովը հարցաքննվում է Պաշտպանության նախարարությունում միլիարդների հափշտակման գործով որպես վկա։ Գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե արդյոք նախկին պաշտոնյայի կարգավիճակը վկայից կփոխվի՞ մեղադրյալի:
Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ նախկին ղեկավարի առաջին հանդիպումը քննիչի հետ կայացել է դեկտեմբերի 28-ին։ Սակայն այդ ժամանակ չի հաջողվել հարցաքննել Սերդյուկովին, քանի որ նրա փաստաբանը ՌԴ Քննչական կոմիտե չէր ներկայացել։





























