Ոստիկանությունը բացահայտել է օրերս կատարված դաժան սպանությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ոստիկանության լրատվության վարչությունը, հունվարի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ որդին` 48-ամյա Արա Հ.-ն, հունվարի 3-ին, ժամը 14.00-ին, դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունվարի 8-ին, ժամը 17.50-ին, Երեւան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Երեմյանին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել էր Արա Հ.-ի դիակը` մասնատված վիճակում:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հունվարի 10-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում՝ Կուրղինյան փողոցի 15 շենքից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել նախկինում սպանության համար դատապարտված (կալանքից ազատվել է 1996 թ.-ին), 1960 թ. ծնված Սերգո Երեմյանը: Նա խոստովանական ցուցմունքներ է տվել, որ հունվարի 3-ին «Դալմայի այգիների» տարածքում գտնվող, իրեն պատկանող տնակում, վիճաբանության ժամանակ, տարբեր առարկաներով հարվածել է Արա Հ.-ին, որը ստացված վնասվածքներից մահացել է, այնուհետեւ մասնատել է դիակը եւ թաքցրել իր տնակի հետնամասում:
Սերգո Երեմյանը ձերբակալված է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:





























