Հայաստանի հանրապետության էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 2012 թ. նոյեմբերի ամսին պատասխանատվության միջոց է կիրառել 20 տնտեսվարողի նկատմամբ՝ ընդհանուր առմամբ մոտ 4,5 մլն դրամի չափով: Այդ մասին տեղեկատվությունը զետեղված է տեսչության պաշտոնական կայքէջում:

Տուգանվածների թվում են մի  շարք հայտնի կազմակերպություններ: Այսպես՝ «Արարատցեմենտը» տուգանվել է 200 հազ. դրամով՝ առանց համապատասխանության սերտիֆիկատի ցեմենտ իրացնելու համար:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տուգանվել է 300 հազ. դրամով՝ ստուգման գործընթացին խոչընդոտ հարուցելու համար:

«Սթար դիվայդ» ընկերությունը տուգանվել է 500 հազ. դրամով՝ առանց հայերեն մակնշման ապրանքներ վաճառելու համար:

Մի քանի տուգանքներ են կիրառվել բենզալցակայանների նկատմամբ: Ամենախոշոր տուգանք ստացել է «Մաքս Հուրը»՝ 1,3 մլն դրամի չափով, քանի որ լիցքավորման որոշ կետերում վառելիքն իրացվել է առանց հայերեն մակնշման եւ չի համապատասխանել տեխնիկական կանոնակարգի պահանջներին;

200 հազ. դրամ տուգանք է կիրառվել «Ռան օյլ»-ի նկատմամբ, որը կատարել է նույն խախտումները, ինչ «Մաքս Հուրը»՝ ավելացրած համապատասխանության սերտիֆիկատի բացակայությունը: