Դեկտեմբերի 23-ին զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ/ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից հայտնում են, թե նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ն. Սահակյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Նորայր Սահակյանի հայրը՝ Նվեր Սահակյանը, քրեական գործով ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ եւ վերջինիս պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 23-ի առավոտյան զորահավաքակայանից զորամաս տեղափոխվելու ճանապարհին վատացել է եւ հոսպիտալում հանկարծամահ է եղել նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանը՝ ծնված 1994թ: Ծնողները պնդում են, որ զինվորը հիվանդ է եղել, սակայն ռազմական բժիշկները պատշաճ ուշադրություն չեն դարձրել, իսկ ԼՂ տեղափոխելու ճանապարհին սպաները ծաղրել եւ թույլ չեն տվել զինակոչիկին տեղափոխել հոսպիտալ:





























