Վրաստանում գտել են հունվարի 10-ին ձնահոսքի տակ մնացած ռուս երեք լեռնագնացներից երկուսի մարմինները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Հարավային Օսիայի ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայության ղեկավար Յուլյա Ստարչենկոն: «Նրանց Ռուսաստան տեղափոխմանն աջակցելու աշխատանքներ են տարվում», - հավելել է նա:
«Ինտերֆաքսը», վկայակոչելով Ստարչենկոյին, նշում է, որ, բոլոր անհրաժեշտ միջոցառումները ժամանակին ձեռնարկելու դեպքում, ռուս զբոսաշրջիկներին հունվարի 12-ին Վրաստանից Հարավային Օսիա կտեղափոխեն:
Նախկինում հաղորդվել էր, որ Վրաստանի լեռներում ձնահոսքի տակ մնացած ռուս զբոսաշրջիկների հարազատները հունվարի 11-ին Վերին Լարս անցակետում հատել էին ռուս-վրացական սահմանի հարավօսական հատվածը՝ ողջ մնացած 19-ամյա Մաքսիմ Ստեփանովին հայրենիք տանելու եւ մնացած լեռնագնացների որոնմանը մասնակցելու համար: Կորած լեռնագնացների ընտանիքի բարեկամ Վիկտոր Մակոեւը հայտնել է, որ Մաքսիմին հավանաբար հենց այսօր՝ հունվարի 11-ին հայրենիք կտանեն:
Հիշեցնենք, ռուս չորս լեռնագնացներ Վրաստանի Կազբեգ շրջանում ձնահոսքի տակ էին մնացել: Նրանցից մեկին՝ 19-ամյա Մաքսիմ Ստեփանովին, ողջ էին հայտնաբերել եւ տեղափոխել հիվանդանոց, մնացածներին միանգամից չէր հաջողվել գտնել:
Այժմ անհայտ է մնում խմբի մեկ անդամի ճակատագիրը:





























