Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման կտրոններ այսուհետ պետք է ստանալ «ՎՏԲ Հայաստան բանկի» բաժանմունքներից: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարություից:
Տեխզննման կտրոնները քաղաքացիները կարող են ձեռք բերել ս.թ. հունվարի 21-ից 31-ը ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ 2012թ գույքահարկի զրոյական անդորրագիրը:
Տեխզննման կտրոնները կտրամադրվեն «ՎՏԲ Հայաստան բանկի» միջոցով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս Հայաստանի տարածքում ամենաշատ մասնաճյուղեր ունեցող բանկն է: Նշենք, որ այս կարգը գործելու է միայն 2013 թ. տեխնիկական զննության կտրոնների համար:
Մինչ հունվարի 31-ը, համաձայն ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ ձեռք բերված համաձայնության, 2013թ տեխզննման կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվի, եթե վերջիններս ներկայացնեն 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը:
NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը բոլոր առեւտրային բանկերից արդեն ետ է վերցրել տեխզննման կտրոններն ու այն հանձնել է «ՎՏԲ Հայաստան բանկ»-ին:
Նշենք, որ տարեւերջում ՀՀ քաղաքացիները չէին կարողանում առեւտրային բակերից տեխզննման կտրոններ ստանալ, թեեւ ֆինանսների նախարարությունը մի քանի անգամ հայտարարեց, որ բավարար քանակությամբ կտրոններ է բաշխել:
Նշենք, որ 2011 թ. մայիսից ՀՀ կառավարությունը փոխել է տեխզննման կտրոնների տրամադրման կարգը՝ քաղաքացիներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրել տեխզննման կայանը, իսկ վճարումներն ու կտրոնի ստացումը պետք է իրականացնել բանկերի միջոցով;




























