Անդրիաս Ղուկասյանի առաջարկն անարդյունավետ է եւ չի հանգեցնի անհրաժեշտ արդյունքի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածուի հավակնորդ, գործազուրկ, «էպոսագետ» ներկայացող Վարդան Սեդրակյանը՝ ի պատասխան մեկ այլ հավակնորդի՝ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի՝ միացյալ ինքնաբացարկով Հայաստանում նոր քաղաքական իրադրություն ստեղծելու անհրաժեշտության առաջարկը մեկնաբանելու խնդրանքի։
Սեդրակյանի խոսքով՝ եթե նախագահի պաշտոնի հավակնորդներն արձագանքեն Ղուկասյանի առաջարկին, ապա Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը միանձնյա կանցկացնի նախագահական ընտրությունները, քանի որ Ընտրական օրենսգիրքը դա թույլ է տալիս. «Սարգսյանը կապահովի ձայների համեստ 54%-ը, կդառնա նախագահ, ապա իշխող կուսակցության անդամները կհայտարարեն. «Տեսնու՞մ եք, մենք ասում էինք՝ մյուս թեկնածուները լուրջ մրցակիցներ չեն, եւ դա գիտակցելով՝ դիմել են ինքնաբացարկի»։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի պաշտոնի հավակնորդ, քաղաքագետ եւ «Ռադիո Հայ» խորհրդի նախագահ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է ընտրարշավի բոլոր մասնակիցներին՝ բացառությամբ Սերժ Սարգսյանի՝ առաջարկելով արմատական բարեփոխումների համար ինքնաբացարկով միասնական քաղաքացիական ճակատ ստեղծել:





























