Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ , իրականացվում է նաեւ մայրաքաղաքի բազմաբնակարան, հասարակական շենքերի ու շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների եւ ձյան հեռացման գործընթացը:

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խնդիրը առաջին հերթին անցորդների անվտանգ անցուդարձի  ապահովումն է, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը,  ցած թափվելով, կարող են պոտենցիալ վտանգ սպառնալ մարդկանց կյանքի եւ առողջության համար: Այս աշխատանքներում Երեւանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաեւ հրշեջ փրկարարների ներգրավմամբ, աջակցում է ԱԻՆ Երեւանի փրկարարական ծառայությունը, համատիրությունների աշխատակիցները, ճանապարհային ոստիկանությունը,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները, ովքեր զգուշացնում էին քաղաքացիներին աշխատանքների ընթացքում տվյալ հատվածները շրջանցելու անհրաժեշտության մասին: Գործընթացը մայրաքաղաքում կծավալվի այնքան ժամանակ, մինչեւ վերանա  սառցալեզվակների ցած թափվելու վտանգը: Սակայն բոլոր դեպքերում քաղաքացիներին խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշավորություն եւ այս օրերին հնարավորին խուսափել շենքերի ու շինությունների  անմիջական հարեւանությամբ անցուդարձ կատարելուց: