2013 հայտարարված պետական պարտատոմսերի առաջին իսկ աճուրդում դրանց տոկոսադրույքը բարձրացել է: Հունվարի 10-ին 60ամսյա (5 տարի) մարման ժամկետով պարտատոմսերն իրացվել են 15.38% միջին տարեկան եկամտաբերությամբ: Համեմատության համար՝ 2012 թ. դեկտեմբերի 25-ին այդ նույն ժամկետի պարտատոմսերի եկամտաբերությունը 14.26 % էր:
Պետական պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրության անկումը, ամենայն հավանականությամբ, ունի սեզոնային բնույթ՝ նախորդ տարիներին եւս հունվար-փետրվարին պարտատոմսերի շուկան ակտիվությամբ աչքի չի ընկել: Բացի այդ՝ 5ամյա կտրվածքով պարտատոմսի նման բարձր եկամտաբերությունը վկայում է, որ ներդրողները հայկական դրամի ապագայի նկատմամբ վստահություն չունեն եւ միջինժամկետ կտրվածքով ակնկալում են դրամի թուլացում: Սակայն հարկ է նշել, որ վերջին տարիներին պարտատոմսերի եկամտաբերությունն ունի աճի միտում՝ ի վնաս պետական բյուջեի: Օրինակ՝ 2011 թ. միջինժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը 13%-ի շրջանակներում էր:
Սակայն ամենաարտառոցն այն է, որ հայկական բանկերի մի մասը (համենայնդեպս՝ իրենց պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության համաձայն) ներկայում պատրաստակամ է 5 տարով դրամային վարկ տրամադրել տարեկան 14% տոկոսադրույքով:
Հարց է առաջանում՝ ի՞նչ իմաստ ունի 15 %-ով պարտատոմս թողարկել, եթե 14%-ով կարելի է վարկ վերցնել: Այնպիսի տպավորություն է՝ կարծես պետական պարտատոմսերի շուկան կտրված լինի ֆինանսական շուկայի մյուս հատվածներից եւ ապրում է «սեփական կյանքով»:
Սակայն պետական պարտատոմսերի բարձր տոկոսադրույքները վճարվում են պետական բյուջեից, այսինքն՝ հարկատուների փողերից: Պետական պարտատոմսերի գծով պարտքի գումարն արդեն մոտենում է 250 մլրդ դրամին (ավելի քան՝ 500 մլն դոլար): Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության՝ բոլոր պարտատոմսերի (եւ կարճաժամկետ, եւ միջինժամկետ, եւ երկարաժամկետ) պարտատոմսերի միջին եկամտաբերությունն արդեն գերազանցում է տարեկան 13%-ը:
Նշենք, որ որեւէ մասնավոր ներդրող իրեն թույլ չի տա ներկա մակրոտնտեսական զարգացումների պարագայում 15%-ով միջինժամկետ պարտատոմս թողարկել, քանի որ դա դրամական միջոցների անարդյունավետ կառավարում է նշանակում:
Սամվել Ավագյան





























