Իսկ ինչի՞ չպետք է նախագահ դառնամ, ցույց տվեք մեկ ուրիշին, ով ինձնից խելոք է, ինչի՞ չպետք է դառնամ:  Այս մասին այսօր` հունվարի 11-ին, «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» ծրագրի շրջանակներում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ, փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով իր թեկնածությունը առաջադրած Հրանտ Բագրատյանը:

«Այո, ես հավատում եմ, որ ընտրվելու եմ»,- ասաց նա:

Նա կտրականապես հերքեց քարոզարշավի ընթացքում թեկնածությունը հանելու հավանականությունը, ընտրությունները բոյկոտելը: «Բոյկոտենք ինչը՞, հանուն ինչի՞ ենք բոյկոտում, դա կլինի նվեր իշխանություններին»,- ասաց նա:

Եթե ընտրությունները կեղծվեն, ապա նա պատրաստ է ընտրություններից հետո պայքարել արդարության համար: Իսկ եթե նա ընտրությունների արդյունքում դառնա նախագահ, ապա խոստանում է որեւէ  պայմանագիր, օրենք, համաձայնագիր չստորագրվի, որը կպակասեցնի Հայաստանի ինքնիշխանությունը: Նախագահ դառնալուց հետո նա նշեց, որ պետական կառավարման համակարգում ընդգրկելու է ներկայացուցիչներ բոլոր քաղաքական ուժերից, շատ կլինեն 20-30տարեկան երիտասարդները: Օրինակ` որպես վարչապետ կարող է հրավիրի Հրայր Սիմոնյանցին, արտաքին գործերի նախարարի պաշտոնում եւս կան լուրջ թեկնածուներ` Ալեքսանդր Արզումանյան, Վլադիմիր Կարապետյան, տեսնում է մի շարք լավ տնտեսագետներ` ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյան եւ այլն: Нախկին վարչապետը նույնիսկ խշխող ՀՀԿ-ում է տեսնում լավ երիտասարդներ: «Մեկ-երկու քաղաքապետ կա դուրս գալիս է, նախարարներից առնվազն մեկը վատը չէ»,- ասաց նա` չցանկանալով ՀՀԿ-ից անուններ նշել:

Ինչ վերաբերում է մյուս հավանական թկենածուների հետ բանավեճին կամ համագործակցությանը, ապա նախկին վարչապետը նշեց, որ պայմանը մեկն է` պետք է նրանք ներկայացնեն  տնտեսական ծրագիր, ոչ թե ցանկությունների, կարգախոսների շարան:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am