Մի չափազանցրեք, թե Հայ ազգային կոնգրեսի համակիրները ինձ դեմ են, ՀԱԿ-ից համակիրները շատ ավելի շատ են, քան դեմերը: Այս մասին այսօր` հունվարի 11-ին, «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» ծրագրի շրջանակներում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ, փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով իր թեկնածությունը առաջադրած Հրանտ Բագրատյանը:
Նա շեշտեց, թե սխալ է, թե ՀԱԿ ակտիվիստները արշավանք են արել իր դեմ եւ այդտեղ պետք է ինչ-որ անձանց ազդեցություններ փնտրել: «Մարդիկ սովորել են Լեւոն Տեր-Պետրոսյանի լիդերությանը, բայց դե փոխվում է ամեն ինչ»,- ասաց նախկին վարչապետը:
Անդրադառնալով իր թեկնածության առաջադրմանը` նա նշեց, որ ՀԱԿ-ի ներսում բոլորը գիտեին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման դեպքում ինքը առաջադրվելու է, եւ ոչ ոք անակնկալի չի եկել: Իր առաջադրվելու վերաբերյալ նա դիրքորոշում չի հարցրել ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ հարաբերությունները նրա հետ «փորձում է պահպանել այնքան, ինչքան կա»: Օրինակ` Հրանտ Բագրատյանը նշեց, որ Ամանորին, Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը նա զանգել, խոսել է առաջին նախագահի հետ, «ինչպես միշտ եղել է»: Հարցին, թե իր թեկնածությունը առաջադրելու մասին հայտարարությունը անելիս ինչի չի սպասել Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, նա պատասխանեց. «Սա իմ որոշումն է, ինչո՞ւ չհամբերեցի, լավ արեցի, չհամբերեցի: Ես երկու անգամ ծաղրածուի նման հետաձգում եմ համագումարի օրը: Հայտարարությունը արվել է առաջադրման երկրորդ օրը, մինչդեռ բոլորը պետք է նոյեմբերին հայտարարեին` առաջադրվում են, թե ոչ… Հետո ի՞նչ, որ մանդատը զիջեց, ես դրա համար շնորհակալություն հայտնեցի: Ես ընդհանրապես չէի էլ ուզում ցուցակ մտնել: Տեր-Պետրոսյանը ասել, է, թե չի առաջադրվում, ես առաջադրվում եմ, ի՞նչն է այդտեղ անազնիվը»,- ասաց նախկին վարչապետը:
Ի դեպ, անդրադառնալով ընտրություններից հետո իրեն խոստացված պաշտոնների մասին խոսակցություններին` նա նշեց, որեւէ խոսակցություն չկա: «Միթե չե՞ք հասկանում, որ եթե պաշտոնի խնդիր կա, ավելի լավ կլիներ չառաջադրվել»,- ասաց նա` անդրադառնալով վարչապետի պաշտոնում իր հավանական նշանակմանը եւ շեշտելով, որ վարչապետի պաշտոնը սերտորեն կապված է քաղաքական մեծամասնության հետ: Հրանտ Բագրատյանը նշեց նաեւ, որ չի համաձայնի ֆինանսների նախարարների պաշտոնին:
Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նա անդրադարձավ նաեւ ՆԳ նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանին` ասելով, թե «միշտ ասել է, որ Սիրադեղյանը կարող է հանգիստ վերադառնալ հայրենիք, թող գնա դատարանում այդ հարցը քննվի, վերջանա»: Հարցեր հնչեցին նաեւ կապված նրա` կիթառ նվագելուն, եւ նախագահի հավանական թեկնածուն ասաց, որ պրոֆեսիոնալ է նվագում բլյուզ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























