Տավուշի մարզում «Կոծոյենց» օբյեկտի ադմինիստրատորը գումարի դիմաց  հյուրանոցի սենյակներ է տրամադրել  մարմնավաճառուհիներին: Ավելին, նրանց զանգել հրավիրել է հաճախորդներին սպասարկելու համար: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Այրի 54-ամյա  Կ. Օ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2011-2012թթ աշխատելով «Իսրայելյան» ՍՊԸ-ին պատկանող սննդի եւ հանգստի կազմակերպման համալիրում`«Կոծոյենց» օբյեկտում  որպես հյուրանոցի ադմինիստրատոր, հյուրանոցի սենյակները պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է մարմնավաճառներ Ա. Գ-ին, Ա. Ղ-ին, Ա. Խ-ին, Զ. Փ-ին եւ Ա. Մ-ին, հաճախորդ տղամարդկանց հետ հանդիպելու  եւ կենակցելու նպատակով: Դրանով իսկ նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն: Վերջինս դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել հրաժարվել է ցուցմունք տալ: Նա սահմանված վարձավճարի դիմաց սենյակներ է տրամադրել քաղաքացիներին, այդ թվում այն աղջիկներին, որոնք զբաղվել են մարմնավաճառությամբ, իսկ գանձած գումարները հաջորդ օրը տվել է տնօրենին: Իրեն ոչ ոք չի ասել, որ մարմնավաճառներին սենյակ չտրամադրի: Մարմնավաճառուհիները ցուցմունքների ժամանակ նշել են, որ իրենք իրենց հայ եւ պարսիկ հաճախորդների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար սենյակներ տրամադրել է անձամբ Կ.-ն: Ավելին` դեպքեր են եղել, երբ նա անձամբ է  զանգահարել մարմնավաճառուհիներին  եւ հրավիրել` «Կոծոյենց» օբյեկտ հաճախորդների հետ սեռական հարաբերություն ունենալու համար: Ինչպես նաեւ պատմել են, որ հաճախորդները սենյակների համար վճարել են 8 հազար դրամ, մարմնավաճառուհիներին 5 հազար դրամ, իսկ Կարինեին որպես միջնորդավճար 1000 դրամ:

Քննելով գործը դատարանը վճռել է ամբաստանյալ Կ.Օ-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ դատապարտել 3  տարվա ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 4  տարի ժամկետով փորձաշրջան: Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ստացվել է վերաքննիչ բողոքը: Հունվարի 17-ին նշանակվել է դատական քննության օրը: