Դավիթ Անհաղթի եւ Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում հունվարի 11-ին, ժամը 04.15-ին վթարի ենթարկված «Շանթ» հեռուստաընկերության դերասանը` 23-ամյա Անդրանիկ Անտոնյանը դուրս է գրվել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հիվանդանոցից:
Նրանց փոխանցմամբ` վթարից հետո դերասանը դիմել էր հիվանդանոց, ստացել էր վնասվածքներ եւ քերծվածքներ դեմքի շրջանում: Անդրանիկ Անոտյանը չի հոսպիտալացվել, այլ ստանալով ամբուլատոր բուժօգնություն, հեռացել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 11-ին, ժամը 04.15-ին, Դավիթ Անհաղթի եւ Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենա: Պատահարի հետեւանքով մեկ ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Դեպքից հետո վարորդներից մեկը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` հեռացել է: Կատարվում է քննություն: Մեր տեղեկություններով` վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն տեղափոխվածը 23-ամյա Անդրանիկ Անտոնյանն է: Նա աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում, նկարահանվում է «Քաղաքում» սերիալում, բժիշկ Ծյապիկի դերակատարն է:





























