Ադրբեջանի` խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելու պատճառների համակարգային ուսումնասիրությունը եւ դրա հիմքում ընկած առանձնահատկությունների ու դրանք պատճառավորող գործոնների վերհանումը, պարզաբանումն ու մասնագիտական վերլուծությունն առանձնակի կարեւորություն է ներկայացնում ոչ միայն պատմական եւ քաղաքագիտական, այլեւ միջազգային իրավունքի շրջանակներում: Վերոգրյալն առավել արդիական եւ հրատապ են հնչում Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների հայկական (եւ ոչ միայն) տարածքների, Ադրբեջան պետության հստակ սահմանների իրավականորեն ամրագրման եւ նրա` ներկայում եւ հետագայում աշխարհաքաղաքական դերի փոփոխության իմաստավորման համատեքստում: Հոդվածում ներկայացվում է իրավահաջորդության հրաժարման հետեւյալ հիմնադրույթները`

● Արցախյան հիմնախնդիր,

● Նախիջեւանի եւ հայկական այլ տարածքների նկատմամբ ծավալապաշտական նկրտումներ

● ԱԽՍՀ-ում հայկական ջարդերի եւ հայերի գույքի բռնազավթում

● Խորհրդային Ադրբեջանի տարածքում բնակվող էթնիկ փոքրամասնությունների զտման քաղաքականություն

  Ադրբեջանի իրավահաջորդության պատճառները հասկանալու, դրանց առավել չպարզաբանված կողմերը վերհանելու եւ ուսումնասիրելու համար նախ եւ առաջ հարկ է հասկանալ իրավահաջորդության էությունը, առանձնահատկությունները, դրա դերն ու նշանակությունը պետությունների եւ նրա սահմանների ձեւավորման, պետությունների միջեւ փոխհարաբերությունների իրավականորեն կարգավորման համատեքստում:

Իրավահաջորդությունը որոշակի տարածքի միջազգային հարաբերությունների համար պատասխանատու մեկ պետությունը մեկ այլ պետությամբ փոխարինելու արդյունքում իրավունքների ու պարտականությունների անցումն է մեկից մյուսին: Իրավահաջորդության հարցը ծագում է, երբ`

- մեկ պետությունը բաժանվում է երկու եւ ավելի նոր պետությունների,

- երկու եւ ավելի պետություններ միավորվում են մեկ նոր պետության կազմում,

- պետության տարածքի մի մասում ստեղծվում է նոր պետություն

- մի պետությունը մտնում է մեկ այլ պետության կազմի մեջ,

- մի պետության տարածքի մասն անցնում է մեկ այլ պետության[1 էջ 76]:

Խորհրդային լիակատար իրավահաջորդությունից հրաժարվել են նախկին ԽՍՀՄ բոլոր 15 միութենական հանրապետությունները` այդ թվում եւ Ադրբեջանը`1992 թ.-ին Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի հանրապետության միջեւ ստորագրված համաձայնագրով[2], ըստ որի իրավանախորդ Խորհրդային Ադրբեջանը հրաժարվում է իրեն բաժին ընկնող պետական պարտքից`(ընդհանուր պարտքի 1,64%) միաժամանակ զիջելով Խորհրդային Միության միակ լիակատար իրավահաջորդ ՌԴ –ին ԽՍՀՄ ակտիվներում իր բաժնեմասը: Սակայն Ադրբեջանը հրաժարվում է խորհրդային իրավահաջորդությունից առհասարակ: Հիշեցնենք, որ միջազգային իրավունքում տաբերակվում է իրավահաջորդության հետ կապված իրավիճակների հանդեպ դրսեւորվող երկու հիմնական մոտեցում`

1. լիակատար իրավահաջորդություն, այսինքն, իրավանախորդ պետության բոլոր իրավունքների եւ պարտականությունների ընդունումն` առանց որեւէ վերանայման,

  2. զրոյական իրավահաջորդություն կամ tabula rasa (մաքուր տախտակ)` իրավունքների եւ պարտավորությունների լրիվ վերանայումը[1 էջ 76]:

Խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելու հիմնական պատաճառները մեր կարծիքով հետեւյալներն են`

Արցախյան հիմնախնդիրը. 1918թ.-ի մայիսի 27 –ին Անդրկովկասյան Սեյմի մահմեդական պատգամավորների արտակարգ նիստը միաձայն որոշեց ստանձնել Ադրբեջանի կառավարումը` իրեն հռչակելով Ադրբեջանի ժամանակավոր Ազգային Խորհուրդ[3 с 204]` Մ. Ռասուլզադեի նախագահությամբ: Ստեղծվեց նաեւ գործադիր մարմին` Ֆ. Խան Խոյսկու գլխավորությամբ: Մայիսի 28-ին ընդունված անկախության հռչակագրի առաջին կետը սահմանում էր. «Այսուհետ Ադրբեջանի ժողովուրդները հանդիսանում են ինքնիշխան իրավունքների կրողներ, իսկ Ադրբեջանը` բաղկացած արեւելյան եւ հարավային Անդրկովկասից` լիիրավ անկախ պետություն» [4 сть1]: Ահա այսպես կայացավ Անդրկովկասի արեւելքում նոր թուրքական պետության ստեղծման գաղափարն ու նախագիծը[5 с 14], եւ հենց հռչակագրի առաջին իսկ կետով պաշտոնապես սկիզբ դրվեց ԱԴՀ տարածքային նկրտումների առաջին փուլին:

Լեռնային Ղարաբաղը այդ ժամանակահատվածում վարչականորեն մտնում էր Ելիզավետպոլի, Ջեւանշիրի, Շուշիի, Կարյանգինի գավառների կազմի մեջ: Վարչական բաժանումն այնպես էր կատարվել, որ գավառներն աշխարհագրորեն տարածվում էին արեւմուտքից արեւելք` յուրաքանչյուրը ներառելով հատվածներ Արցախի լեռնային եւ դաշտային մասերից: Արդյունքում հայ բնակչության թիվը կազմում էր 165.000` 59.000 մահմեդականի դիմաց[6 թ 6-9]: Ստեղծված միջազգային եւ տարածաշրջանային բավականին բարդ եւ դժվարին պայմաններում 1918թ.-ի մայիսի վերջին Թիֆլիսում Հայոց Ազգային Խորհրդի եւ Մահմեդական Ազգային Խորհրդի միջեւ սկսվեցին ձախողման մատնված բանակցությունները, որոնց անմիջապես հետեւեցին օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տեղի ունեցած Արցախի հայերի I եւ II համագումարները[7 էջ166-169], որով մերժվեց ընդունել ԱԴՀ իշխանությունը Արցախում: Հայկական կողմի ջանքերն ի զորու չէին որեւէ փոփոխություն մտցնելու ստեղծված դրությունում եւ դրան նոր ազդակ հաղորդեց արտաքին ազդեցիկ միջամտությունը: Այսպես, 1918թ ի դեկտեմբերի 7 ին տեղի ունեցավ ԱԴՀ խորհրդարանի բացումը, ստեղծվեց նոր կառավարություն` Խոյսկու գլխավորությամբ, որին անմիջապես հետեւեց Անգլիական զորքի հրամանատար Թոմսոնի հետեւյալ հայտարարությունը. «Նկատի ունենալով ադրբեջանական կոալիցիոն կառավարության ձեւավորումը` դաշնակիցների հրամանատարությունը լիակատար աջակցություն կցուցաբերի այդ կառավարությանը` Ադրբեջանի սահմաններում որպես միակ տեղական օրինական իշխանություն» [8]: Հիշեցնենք 1918 նոյեմբերին անգլիական զորքի Բաքու մուտքի մասին`արդեն ԱԴՀ համաձայնությամբ, եւ դաշնակիցներ ասելով` խոսքը գնում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՄԲ-ի մասին: Փաստորեն սրանով փաստացի ԱԴՀ-ն ճանաչվեց 3 տերությունների կողմից եւ ավելի վաղ Թուրքիայի կողմից(խոսքը գնում է Բաթումի պայմանագրով ԱԴՀ-ի ճանաչման, ԱԴՀ 5 երկաթուղիների` Թուրքիայի վերահսկողությանն անցնելու եւ մի շարք առեւրտրատնտեսական պայմանագրերի մասին): Առերեւույթ կարող է թվալ, թե ԱԴՀ-ն ստացավ միջազգային ճանաչում եւ դարձավ միջազգային իրավունքի առանձին սուբյեկտ, սակայն դա այդքան էլ այդպես չէ, քանի որ միջազգային իրավունքը կարգավորող եւ ոչ մի փաստաթղթում չկա հստակություն այն մասին, թե քանի պետություն պետք է ճանաչի նորանկախ պետությանը, որ վերջինս ձեռք բերի իրավասուբյեկտիվություն: Նշվածի վառ ապացույց է հանդիսանում 1920թ. դեկտեմբերին Ազգերի Լիգայի միաձայն որոշումը` ԱԴՀ-ին կազմակերպության մեջ չընդգրկելուն` մասնավորապես այն հիմնավորմամաբ, որ ԱԴՀ-ն չունի հստակ ամրագրված սահմաններ հարեւաններ Հայաստանի եւ Վրաստանի հետ: Այդուհանդերձ ԱԴՀ շարունակում էր իր` տարածաշրջանային հարեւան պետությունների հողերի նկատմամբ զավթման քաղաքականությունը, որն այս անգամ կարծես թե հաջողվում է: Արցախում հայերի զանգվածային բռնություններից ու ջարդերից խուսափելու համար աշնանը տեղի ունեցավ արցախահայության III համագումարը, որով էլ ճանաչվեց ԱԴՀ իշխանությունը[9 էջ730]: Սրան հաջորդեց 1919թ. ի փետրվարին Արցախի Հայոց Ազգային Խորհրդի IV, V, գարնանը VI համագումարները, որով ԱԴՀ իշխունությունը չէր ճանաչվում: Բայցեւայնպես, 1919թ.-ի օգոստոսի 12-ի Շոշ գյուղում տեղի ունեցած VII համագումարով կրկին ճանաչեցին ԱԴՀ իշխանությունը: Վերջին` 1919 օգոստոսի 22 ի VIII համագումարում[6 գ.563 թ29-35] որոշում ընդունվեց ոչ միայն չճանաչել ԱԴՀ իշխանությունը, այլեւ պահանջել պարբերաբար կրկնվող սպանությունների եւ բռնությունների դադարեցում: ԱԴՀ-ի հաջորդ հաջողված դիվանագիտական քայլը ամբողջացավ 1919թ. ի հունվարին 15-ին, երբ ԱԴՀ կառավարությունը, գեներալ Թոմսոնի թողտվությամբ եւ աջակցությամբ, հիմնադրեց Զանգեզուրի, Կարյագինի, Շուշիի եւ Ջեւանշիրի գավառներն ընդգրկող գեներալ-նահանգապետություն` Խոսրով Բեկ-Սուլթանովի գլխավորությամբ[6 գ.243 թ100-102]:

Ամփոփելով ԱԴՀ`Արցախը զավթելու քաղաքականությունը` անհրաժեշտ է ներկայացնել նաեւ Խորհրդային Ադրբեջանի դիրքորոշումը հայկական տարածքի նկատմամբ: Այսպես, տարածաշրջանային երկրների խորհրդայնացումից անմիջապես հետո` 1920թ.-ի նոյեմբերի 30-ին, Ադրբեջանական ԽՍՀ-ն պաշտոնապես հռչակեց հայկական հողերի` Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի հանդեպ տարածքային նկրտումներից հրաժարվելու մասին` հօգուտ եղբայրական Հայկական ԽՍՀ-ի, որն իրավականորեն ամբողջացավ 1921թ.-ի հունիսի 3-ի ՌԿ/բ/Կ Կովբյուրոյի միաձայն որոշմամբ: Սրան անմիջապես հետեւեց միջազգային հանրության արձագանքը, որտեղ ողջունվեց Ադրբեջանի կողմից տարածքների վերադարձի ճիշտ քայլը: Եվ արդեն 1920թ.- դեկտեմբերից Հայաստանի Հանրապետության տարածքային կազմը` այդ թվում Ղարաբաղը, ներառնված էին Ազգերի Լիգայի մի շարք պաշտոնական փաստաթղթերում[10]: Այդուհանդերձ 1921թ.իհուլիսի 5-ին հրավիրվում է Կովբյուրոյի պլենումի արտահերթ նիստ,որտեղ Ստալինի ճնշման ներքո ընդունվում է իրավական ուժ չներկայացնող որոշում.  «Լեռնային Ղարաբաղը թողնել ԱԽՍՀ սահմաններում` նրան ընձեռելով մարզային լայն ինքնավարություն` Շուշի քաղաքում վարչական կենտրոնով»,իսկ 1923թ.ի հունիսի 7 ի դեկրետով ձեւավորվեց ԼՂԻՄ-ը:

Հաշվի առնելով ԱԴՀ 1918-1920թթ.-ի Արցախն ադրբեջանացնելու հաջողությամբ իրականացրած քաղաքականությունը եւ խորհրդայնացման սկզբնափուլում տանուլ տված դիվանագիտությունն ու Արցախի վիճելի լինելու համատեքստում բոլոր գործոնների առկայությունը, կարծում ենք, որ հիմնավոր պատճառ է հանդիսանում հրաժարվելու խորհրդային իրավահաջորդությունից եւ հռչակվելու ԱԴՀ իրավահաջորդ:

Նախիջեւանի եւ հայկական այլ տարածքների նկատմամբ ծավալապաշտական նկրտումներ. ԱԴՀ-ի զավթման գործունեության ակտիվացումը պաշտոնապես եւ իրավականերեն մեկնարկեց 1918թ. նոյեմբերին Շարուր-Նախիջեւանում, Օրդուբադում, Երեւանի գավառի հարավում Արաքսի(Արզադյան) Հանրապետության հռչակմամբ[11 p229], որին անմիջապես հաջորդեց նոյեմբերի 30-ին Կարսում գումարված մեծ համաժողովը` մահմեդակնների մասնակցությամբ, որտեղ որոշում ընդունվեց ձեւավորել «Ազգային Մուսուլմանական Շուրա»[12 s80] անունով տեղական կառավարություն: Վերջինս ամբողջացավ 1919թ.-ի հունվարի 17-18 Հարավ-արեւմտյան Կովկասի ժամանակվոր ազգային կառավարության ստեղծմամբ, որի սահմանները տարածվում էին Բաթումից մինչեւ Նախիջեւան[12 s.85-86]: Այստեղ առանձնակի կարեւորվում է Ադրբեջանի սահուն դիվանգիտությունը, որի դրսեւորումը եղավ այն, որ Կարսի եւ Բաթումի, Արդահանի, Շարուր-Նախիջեւանի, Օրդուբադի, Սարդարապատի, Ախլցխայի եւ Սուրմալուի տարածքները ներառող Հարավ-արեւմտյան Կովկասի ճանաչման պահանջը` իբր մեծամասնություն կազմող մահմեդականների իքնորոշման իրավունքի հիման վրա, բավարարվեց. դաշնակիցները`անլգլիական զորքի հրամանտարի գլխավորությամբ, դե-ֆակտո ճանաչեցին Հարավ-արեւմտյան Կովկասի իշխանությունը եւ կանխեցին հայ գաղթականության վերադարձը: Հայկական կողմի անհաջողության մատնված անհամաձայնություններն ու բողոքները հանգեցրին նրան, որ 1919թ-ի ամռանը տեղի ունեցան ԱԴՀ առաջին զիված հարձակումները Զանգեզուրի վրա: Բայցեւայնպես նոյեմբերի 23 ին Թիֆլիսում ստորագրված համաձայնագրի[6 գ50 թ360] համաձայն` հիմնված Հասկելի ծրագրային դրույթների վրա, Զանգեզուրում եւ Շարուր-Նախիջեւանում ժամանակավոր խաղաղություն հաստատվեց, վերականգնվեցին Հայոց Ազգային Խորհրդի իրավունքները:

Համեմատության կարգով հարկ է նկատել, որ խորհրդայնացումից հետո միայն` 1921թ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի եւ այն գրեթե նույնությամբ կրկնող 1921թ.-ի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի համաձայն Նախիջեւանի մարզը կազմում է ինքնավար տերիտորիա` Ադրբեջանի խնամակալության ներքո: Այսպիսով, հաշվի առնելով ԱԴՀ մասամբ հաջողված քաղաքականությունը Նախիջեւանի, Զանգեզուրի եւ հայկական վերոգրյալ այլ տարածքների նկատմամբ, խորհրդայնացումից հետո Նախիջեւանի հանձնումը Ադրբեջանի խնամակալությանը, որն ուղեկցվեց միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ, հիշեցնենք, որ այդ ժամանակ ո'չ ՌՍՖՍՀ(առաջին միջազգային ճանաչումը ՄԲ-ի կողմից 1924թ.[13 p491]), ո'չ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը, ո'չ Հայաստանն ու Ադրբեջանը չէին հանդիսանում միջազգային իրավունքի առանձին սուբյեկտ[14 էջ37], կարծում ենք, որհիմնավոր պատճառ է հանդիսանում հրաժարվելու խորհրդային իրավահաջորդությունից եւ հռչակվելու ԱԴՀ իրավահաջորդ:

ԱԽՍՀ-ում հայկական ջարդերի եւ հայերի գույքի բռնազավթում. 1988-1990 թթ., ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող միտումնավոր շահարկումների արդյունքում, Ադրբեջանի երեք ամենամեծ քաղաքներում` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում (այժմ Գյանջա) տեղի ունեցան զանգվածային ջարդեր, բռնություններ` վերջին հաշվով ցեղասպանություն`ադրբեջանահայերի նկատմամբ: Մեկնարկը տրվեց փետրվարի 27 ին Սուգմայիթում, այնհուտեեւ շարունկավեց Բաքվում եւ Կիրովաբադում, որոնց զոհ գնացին եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ, բռնագրավվեց հայերի շարժական եւ անշարժ գույքը: Այս ամենը տեղի էր ունենում ադրբեջանական իշխանությունների բացահայտ թողտվությամբ եւ գիտությամբ, որի հիմնական նպատակը Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը խոչընդոտելն էր: Զուգահեռականներ անցկացնելով 1918-20թթ. –ի եւ ԱԽՍՀ-ում հայկական ջարդերի եւ գույքի բռնագրավման միջեւ, որին զոհ գնաց մոտ 30.000 հայ` անհրաժեշտ է նկատել, որ ԱԴՀ-ն այս կամ այն կերպ կարողացավ ոչ միայն խուսանավել պատժից, այլեւ միջազգային հանրությանը համոզեց իր անմեղության մեջ` միեւնույն ժամանակ պնդելով հայերի կողմից իրականացված բռնությունների մասին մահմեդականների նկատմամբ: Եվ որքան էլ, որ մարազմատիկ եւ զավեշատալի է հնչում, ԱԴՀ-ն ստեղծեց Ելիզավետպոլի ու Բաքվի նահանգներում հայերի կողմից մահմեդականների նկատմամբ իրականցրած «ցեղասպանության» մասին փաստական նյութեր հավաքագրող «արտակարգ հետաքննական հանձնաժողովներ»[15 էջ14]: Սրանով Ադրբեջանը կարողացավ շեղել միջազգային հանրության ուշադրությունը հայերի նկատմամբ իրագործված եղեռնագործությունից, որը չկարողացավ անել խորհրդային վերջին տարիներին, երբ 1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւում դատպարտվում էր Արցախում 80% բնակչություն կազմող հայերի հանդեպ բռնությունները: Ահա եւ վերոգրյալը, ըստ Մեզ, ադրբեջանահայերի զանգվածային բռնությունների ու գույքի բռնագրավման համատեքստում, հիմնապատճառ է հանդիսանում հրաժարվելու համար խորհրդային իրավահաջորդությունից:

Խորհրդային Ադրբեջանի տարածքում բնակվող էթնիկ փոքրամասնությունների զտման քաղաքականություն.Ադրբեջանի` խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելու կարեւոր առանձնահատկություններից է խորհրդային տարիների ընթացքում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարած քաղաքականությունը: Այսպես, 1936թ-ին Լեզգիստանում լեզգիները 96% էին կազմում, 2009թ.-ի տվյալներով Կուսարի եւ Կուտկաշեն շրջաններում նրանք փոքրամասնություն են կազմում եւ միայն Խաչմասի, Իսմայիլի եւ Վարդաշենի շրջաններում է պահպանվել ժողովրդագրական հավասարակշռությունը: Փաստորեն խորհրդային իշխանության տարիներին Լեզգիստանի հարավային տարածքների Ադրբեջանին բռմնակցմամբ` խախտվեց լեզգիների ազգային միասնությունը[16 с238], որի հիմնական նպատակն էր ազգին սեփական տարածքից արմատապես կտրելը` քոչվորների վերաբնակեցման հաշվին եւ նրանց թուրքացումը:

1926թ.-ի մարդահամարի տվյալներով` Խորհրդային Ադրբեջանի բնակչությունը կազմում էր 1 մլն. 241հազար 758 մարդ` որից 80.624-ը թալիշներ, իսկ 1931թ.-ին` 89.398 մարդ չհաշված Լենքորանի 11.688 թալիշներին: Հաշվի առնելով թալիշների երկարակեցությունն ու բազմազավակության ավանդույթը, պետք էր, որ ժողովրդագրական աճ նկատվեր, սակայն 1970թ.-ի մարդահամարի տվյալներով` Ադրբեջանում թալիշներ չկային, եւ սա այն դեպքում, երբ ոչ պաշտոնական թվերով նրանց թիվը անցնում էր մոտ կես միլիոնը:

1923թ.-ի օգոստոսի 6 ի ադրբեջանական կառավարության որոշումով ստեղծված Կարմիր Քուրդիստանի ինքնավար մարզի բնակչության 72% քրդեր էին, որոնց թվաքանակը 1926թ. ի մարդահամարի տվյալներով կազմում էր 44.193 մարդ: Եվ ահա քրդերի արագ բազմացման պայմաններում մեկնարկում է նրանց ժողովրդագրական անկումը. այսպես, 1936թ. 6000, 1959թ.`1500, իսկ 1979թ. ի մարդահամարի պաշտոնական տվյալների համաձայն քրդեր չկային:

1926թ. ի տվյալներով` թաթերի քանակաը կազմում էր 28.444, 1959թ. ին`5900, 1970թ. ին` 14.200 եւ 1979թ. ին 8800 մարդ: Այստեղ նկատվում է, որ ի տարբերություն մյուս էթնիկ խմբերին` թաթերը չեն վերացել եւ այսօր էլ ոչ պաշտոնական տվյալներով` կազմում են քառորդ միլիոն, գրեթե բոլորն էլ պահպանել են մայրենի պարսկերեն լեզուն եւ կապը Իրանի հետ: Անհետացել են նաեւ 1926թ ի տվյալներով Ադրբեջանում ապրող պարսկալեզու 27.000 լեռնային հրեաները[17]:

Ամփոփելով` հարկ է նշել, որ Ադրբեջանը, խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելով եւ իրեն ԱԴՀ իրավահաջորդ հռչակելով, մի կողմից խուսափում է խորհրդային տարիների(միգուցե իր համար կործանարար տեսլականով հղի) քաղաքականության պտուղները հավաքելուց, մյուս կողմից փորձում է դառնալ այն պետության իրավահաջորդը, որին որոշ չափով հաջողվել էր հասնել որոշակի դիվանագիտական, տարածքային եւ գույքային ձեռքբերումների: Այստեղ կենսական կարեւորություն է ներկայացնում ներկայիս Ադրբեջանի տարածքային նկրտումները Իրանի հյուսիս-արեւմտյան Ատրպատականի նկատմամբ, որը մեկնարկել էր եւ այսօր էլ նոր թափ է առել արդեն այլ ձեւաչափով, հենց 1918թ. ի հռչակումից, երբ Իրանը բողոքի նոտա էր հղել ԱԴՀ կառավարությանը: Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ լինելով` Ադրբեջանի նկրտումները Ատրպատականի նկատմամաբ չեն կարող ստանալ իրավական հիմնավորում, քանի որ ԽՍՀՄ-ն ուներ հստակ սահման Իրանի հետ: Եվ չնայած այն հանգմանքին, որ ԱԴՀ-ն չընդգրկվեց Ազգերի Լիգա, չդարձավ առանձին միաջզագային իրավունքի սուբյեկտ եւ կամ այդ ժամանկահատվածում ստորագրված փստաթղթերը չունեին իրավական հիմք: Եվ դա ռիսկային բնույթ է կրում միջազգային իրավունքի պետությունների ճանաչման կոնստուիտիվ եւ դեկլարատիվ դրսեւորումների շրջանակներում, որոնց կանոնակարգման հիմնական մեխը կայանում է նրանում, որ անգամ ԱԴՀ իրավական կարգավիճակի պայմաններում միգուցե կարելի է հասնել դրական արդյունքի` իրավականորեն նախկինը վերականգնելու եւ ճանաչելու համատեքստում:

Գեւորգ Տեր-Հովհաննիսյան

 

Աղբյուրներ եւ գրականություն

1. «Միջազգային Իրավունք» Վ. Քոչարյան Երեւան 2002թ.

2. «Соглашение между Российской Федерацией и Азербайджанской Республики об урегулировании вопросов правопреемство в отношении внешноего государственного долга и активов бышего Союза ССР» Москва 1992г

3. «Азербайджанское национальное движение» А. Балаев Баку 1998

4. Деклариция Независимости АДР 28 мая 1918

5. «Карабаxский конфликт ключевие понятия и xроника» А. Манасян Нораванк Ереван 2005г

6. Հայաստանի Ազգային Արխիվ, ֆ.200, ց.1

7. ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդին կից գլխավոր արխիվային վարչություն, 1989թ

8. Наше время, #1 1918г.

9. «Լեռնային Ղարաբաղ 1917-1920թթ.» Ե. Իշխանյան Երեւան 1999թ.

10. 1921թ. փետրվարի Ազգերի Լիգայի գլխ. Քարտուղարի հուշագիր, 1920թ. ի դեկտեմբերի 18ի Ազգերի Լիգայի վեհաժողովի 30-դ նիստում ընդունված բանաձեւ, Ազգերի Լիգայի Ֆրանսիական ծառայության կողմից տեղեկատվություն ՀՀ մասին` 1921 ապրիլի 4, Ազգերի Լիգայի անդամ պետությունների համար 1921թ.ի մարտի 4ին վերջնագիր-տեղեկանք

11. Republic of Armenia» R.G. Hovhanisyan Berkley Los-Angeles London, University of California press 1996

12. «Kars Milli-Islam Şurası» Cem-Ender Arslanoğlu 5.11.1919-17.1.1919 ve Cenubigarbi Kafkas Hük,metli Muvakkata-I Milliyesi 18.ocak-13.nisan.1919, Ankara, Azerbaycan Kültür Derneği Yayinları, 1986

13. “Survey of International Affairs 1924” Toynbee A.J London 1926

14. «Հայրենատիրություն Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները եւ հարակից հարցեր» հոդվածների ժողովածու Արա Պապյան Երեւան 2012թ

15. «Ադրբեջանի հայակահայկական քարոզչությունը 1918-20թթ.» պատմություն եւ քաղաքագիտություն Յ.Ղուլյան Լրաբեր Հասարակական Գիտությունների Երեւան 2008

16. Советская Большая Энциклопедия Москва 1938г. том 36

17. Մարդահամարի բոլոր պաշտոնական տվյալները վերցվել են` Всесоюзная перепись населения 1926, 1931,1936,1959, 1970, 1979 годов Москва. ИЗД. ЦСУ Союза ССР