Եղվարդ քաղաքի հենց սկզբնամասում են գտնվում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին պատկանող գազալցակայանը եւ բենզալցակայանը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Համենայնդեպս, այս օբյեկտները ցույց տալիս «Ժամանակին» այդպես ասացին եղվարդցիները։ Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը ծնունդով Եղվարդից է եւ 1999թ. այդ շրջանից պատգամավոր է դարձել։ Եղվարդը Երեւանին մոտ փոքր քաղաք է, որտեղ տարածքներ ու հսկայական առանձնատներ ունեն ՀՀ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Եղվարդցիներն ասում են, որ իրենց քաղաքը բաժանված է մի քանի մասի. Մի մասը պատկանում է Ա. Հարությունյանին, մյուս մասը՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, ով այնտեղ նույնպես տուն եւ հսկայական տարածքներ ունի։ Մի մասն էլ պատկանում է իրենց հանրապետական քաղաքապետ Նորայր Սարգսյանին։ Այնտեղ խոշոր առանձնատուն ունի նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահԱրթուր Ջավադյանը»,- գրում է «Ժամանակը»։





























