Մոսկվայի քննչական մարմինների աշխատակիցները երեք երեխաների մայր Իրինա Կաբանովայի մարմինը, որը կորել էր հունվարի 3-ին ամուսնու հետ վիճելուց հետո,  հայտնաբերել են հունվարի 11-ին՝ ամուսնու մեքենայի բեռնախցիկում, ով ավելի վաղ հայտնել էր կնոջ անհետացման լուրը եւ «սգվորի տեսքով» հարցազրույց տվել։

Քննիչները խուզարկել են Իրինա Կաբանովայի բնակարանը, նաեւ՝ ամուսնու մեքենան։ Ավտոմեքենայի բեռնախցիկում քննչական մարմինների աշխատակիցները մարդկային մարմնամասեր են հայտնաբերել, գրում է «ԱիՖ»-ը։
Իրինան երեք երեխա ունի, նրանք այժմ վեց, երեք եւ երկու տարեկան են։ Որոշ տվյալներով՝ Իրինայի ավագ որդուն տանելու համար հետեւից Իսրայելից ժամանել է նրա հայրը։

Ավելի վաղ Ալեքսեյ Կաբանովը ոստիկանությանը հայտնել էր, որ ամանորյա տոների ընթացքում՝ հունվարի 3-ին, 39-ամյա Իրինա Կաբանովան ամուսնու հետ վեճից հետո հեռացել է տնից եւ չի վերադարձել։ 

Կնոջ անհետանալու մասին տղամարդը գրել էր Facebook-ի իր էջում, հայտնում է vesti.ru-ն։ Նա խոր վհատմունք էր հայտնել, օգնություն էր խնդրել։ Անգամ շնորհակալություն էր հայտնել Իրինայի որոնումները ձեռնարկած կամավորների խմբին։