Հունվարի 11-ին մի քաղաքացի դիմում է ներկայացրել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին՝ հայտնելով, որ եղբայրը 2012 թ. դեկտեմբերի 31-ին «Մերսեդես» մակնիշի, անհայտ համարանիշի տաքսի ավտոմեքենայով գալով «Զվարթնոց» օդանավակայան՝ Երեւան-Վիեննա չվերթով մեկնել է Վիեննա, այնուհետեւ՝ Բելգիա: «Զվարթնոց» օդանավակայանում, տաքսուց իջնելուց հետո է նկատել, որ մեքենայի սրահում մոռացել է տոպրակ, որի մեջ եղել է ոսկյա մատանի, ոսկյա շղթա՝ երկու ապարանջաններով եւ թեւնոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանները Նորագավիթի 10-րդ փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել «Մերսեդես C-180» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Հրաչյա Ա.-ին, որը ներկայացրել է մեկ մատանի եւ հայտարարել, որ մնացած զարդերը 160.000 դրամի դիմաց հանձնել է Երեւանի Մամիկոնյանց փողոցում գործող գրավատուն եւ գումարը յուրացրել սեփական կարիքների համար:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է քննություն: