Երեւանում գործում է երեք սահադաշտ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի, «Կարապի լճի» եւ Ջրաշխարհի սահադաշտերը: NEWS.am-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ գներ են երեւանյան սահադաշտերում, ովքեր են հիմնական այցելուները, երբ են դրանք փակվելու, ինչ դեպքեր են արձանագրվել եւ այլն:
2012թ դեկտեմբերի 1-ից գործող «Սառցաշխարհ-Ջրաշխարհից» NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սահադաշտը գործում է ամեն օր ժամը 14.00-ից մինչեւ 22.00-ը: Նրանք հստակ չեն կարոդ ասել, թե մինչեւ երբ կգործի սահադաշտը, հավանաբար` մինչեւ սեզոնի ավարտը: «Սառցաշխարհ-Ջրաշխարհում» 1 ժամ սահելը արժե 1000 դրամ, 2 ժամը` 1500 դրամ: Եթե այցելուն ունի սեփական չմուշկներ, ապա 1 ժամը արժե 500 դրամ, 2 ժամը` 1000 դրամ: NEWS.am-ի թղթակցին վստահեցրին, որ այս սահադաշտում առայժմ լուրջ վնասվածքներ ստանալու դեպքեր չեն արձանագրվել:
2005թ գործող Երեւանի միակ բացօթյա սահադաշտը` Կարապի լճի սահադաշտը այս տարի եւս սկսել է գործել դեկտեմբերի 1-ից, իսկ կփակվի մարտի 1-ից: «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Կարապի լճի սահադաշտը աշխատում է ամեն օր` ժամը 11.00-ից մինչեւ 16.00-ն, եւ 18.00-ից մինչեւ 23.00-ը: Այստեղ սեփական չմուշկներով մեկ ժամ սահելը արժե 500 դրամ, իսկ սահադաշտի չմուշկներով 1 ժամ սահելը 1000 դրամ է: Նրանց այցելուների թիվը տարիների ընթացքում չի փոխվել, հիմնական այցելուները 4-25 տարեկան անձինք են: «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ից NEWS.am-ին վստահեցրին, որ լուրջ վնասվածքներ ստանալու դեպքեր չեն արձանագրվել, թեեւ լինում է, որ սահելիս ընկնում են:
2008թ գործող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտը գործելու է ամբողջ տարին, բացի հուլիս-օգոստոս ամիսներին. այդ ժամանակ սահադաշտը կանգնեցվում է, վերանորոգվում է: Մենեջեր Դավիթ Ծաղիկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ օգոստոսին սկսված վերանորոգումից հետո 2012թ սահադաշտը այցելուների առաջ իր դռները բացել էր դեկտեմբերի 26-ից: Այդ ժամանակվանից մինչ այժմ կոտրվածքներ ստանալու դեպքեր չեն արձանագրվել, թեեւ, մենեջերի խոսքով, սահադաշտի գործելուց ի վեր նման 5-6 դեպք է արձանագրվել, երբ այցելուն ընկել է, առաջին բուժօգնություն են ցուցաբերել, շտապօգնություն կանչել, տեղափոխել հիվանդանոց: Պարզվել է, որ կոտրվածքներ են ստացել, ապաքինվել են եւ նորից եկել են սահելու: Նման դեպքեր արձանագրվում են ավելի շատ մեծահասակների մոտ: Այստեղ սահելու մեկ ժամն արժե 2000 դրամ, սահադաշտը գործում է ամեն օր 12.00-24.00: Տարեցտարի այս սահադաշտում այցելուների աճ է նկատվում, հիմնական այցելուները 14-18 տարիքային խմբի Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիներն են: Այստեղ գործող գեղասահքի դպրոցում եւս մեծ առաջընթաց է նկատվել, տարեցտարի ավելի շատ անձինք են դիմում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























