Ֆրասնահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նշեց, որ երեկ իր մոտից Հացպանյանը ստացել է ՀՀ անձնագիր:

Վերջինս երկար տարիներ փորձում էր ՀՀ քաղաքացիություն ստանալ, սակայն չէր ստացվում: Քաղաքացիություն ստանալու հարցը նա վիճարկում էր առաջին ատյանի, ապա` Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարններում, սակայն մերժել էին: Պատրատսվում էր դիմել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հովհաննես Քոչարյանը նշեց, որ Սարգիս Հացպանյանը ՀՀ քաղաքացիություն ստացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: 

Նշենք, որ 1996թ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք նա ստացել է ՀՀ-ում ժամանակավոր բնակության իրավունք, որը Ռոբերտ Քոչարյանն անվավեր է ճանաչել եւ հրաման ստորագրել նրան  5 օրվա ընթացքում Հայաստանից արտաքսելու մասին: Այնուհետեւ, 2008թ նախագահական ընտրություններից հետո` մարտյան իրադարձությունների ժամանակ, նա ձերբակալվել է, իսկ բանտից դուրս գալուց հետո նրան փորձել են բռնի օդանավակայան տանել, բայց Ֆրանսիայի դեսպանի միջամտությամբ դա չի արվել: Ազատության մեջ հայտնվելուց հետո, ըստ Հացպանյանի, իրեն Ֆրանսիայի դեսպանատանը հայտնել են, որ ՀՀ իշխանությունների հետ խոսել են եւ իրեն քաղաքացիություն կտան:

Այնուհետեւ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետը նրան հայտնել է, որ 3 շաբաթվա ընթացքում կտան քաղաքացիություն, սակայն դրա փոխարեն, Հացպանյանն ստացել է իր` քաղաքացիություն ստանալու որոշումը մերժող փաստաթուղթ: Մինչ օրս նրա ունեցած միակ փաստաթուղթն իր ազատության մեջ գտնվելու թուղթն էր, որտեղ նշվում է, որ Սարգիս Հացպանյանը կրել է իր պատիժն ամբողջությամբ: Հայաստանում նրա մնալու իրավական հիմքերից մեկն էլ երկու անչափահաս երեխաներ ունենալու փաստն էր: