Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ հունվարի 12-ին, այցելել է Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ներկա է եղել «Հայկական գորգագործությունը 17-19 դարերում» եւ «Նոր Ջուղա. հայկական գրատպության օրրան» ցուցահանդեսներին (ֆոտոռեպորտաժ): Յուրահատուկ օրիգինալ ցուցանմուշներով այս ցուցահանդեսները նվիրված են հայկական գորգագործության 500-ամյակին: Նշենք, որ Հայաստանի նախագահը հանդիպել է նաեւ մշակույթի եւ արվեստի գործիչների հետ:
«Հայկական գորգագործությունը 17-19 դարերում» ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվել են 10 նոր գորգեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը: Թանգարանի պահուստային հիմնադրամներում պահպանվում է ավելի քան 2500 գորգ, որոնք հավաքվել են պատմական Հայաստանի ողջ տարածքից: Գրիգորյանի խոսքով՝ այդ հավաքածուն բացառիկ է. «Ցուցահանդեսում ներկայացված է 45 գորգ, որոնցից յուրաքանչյուրը բացառիկ է իր պատկերներով»:
Հայաստանում գորգագործությունն իր արմատներով գնում է դարերի խորքը. գորգերի հատվածներ են հայտնաբերվել Արթիկի դամբարանների պեղումների ժամանակ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 14-13 դարերին, ինչպես նաեւ Կարմիր բլուրում (մ.թ.ա. 7-րդ դար):
«Նոր Ջուղա. հայկական գրատպության օրրան» ցուցահանդեսում ներկայացված են 17-րդ դարի ձեռագրեր, որոնք արվել են Նոր Ջուղայում, ինչպես նաեւ առաջին հայկական գրքերը՝ տպագրված 1638-1641 թթ. Նոր Ջուղայի տպագրատանը, նաեւ Մադրասում եւ Կալկաթայում տպագրված հայկական գրքեր: Ներկայացված է նաեւ հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարարի» առաջին օրինակը, որը տպագրվել է 1794-1796 թվականներին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























