Բազմազավակ Իրինա Կաբանովայի սպանության գործով աշխատող մոսկվացի քննիչները պարզել են ամուսնու՝ Ալեքսեյի հետ նրա վեճի պատճառները, որն ավարտվել էր կնոջ դաժան սպանությամբ: Պարզվել է, ամուսինը կողմնակի սիրային կապ է ունեցել:

Կինը, որի պատճառով, ենթադրաբար, կատարվել էր մահացու վեճը, ինչ-որ չափով Կաբանովին օգնել է քողարկել սպանության փաստը՝ շփոթեցնելով ոստիկանությանն ու կամավորներին, որոնք ձեռնարկել էին անհետ կորած Իրինայի որոնումները, Life News-ին պատմել է իրավապահ մարմինների աղբյուրը: Հենց նա է մարդասպանին տրամադրել իր  Skoda Fabia ավտոմեքենան,որի բեռնախցիկում ավելի ուշ գտել էին կնոջ մարմնամասերը:

Ըստ մարդասպանի` վերջերս նրանց ընտանիքում վեճերը սովորական էին դարձել: Հունվարի 2-ի երեկոյան Ալեքսեյը ուտելիք եւ ալկոհոլ էր գնել ու վերադարձել տուն: Ոչինչ չի մատնանշում, թե նա նախապես պատրաստվել էր սպանությանը: Սակայն Իրինայի խիստ խոսքերն ամուսնու գաղտնի կյանքի մասին հունից հանել են Ալեքսեյին: Նա կնոջ պարանոցին է փաթաթել համակարգչային ձայնասյուների լարը եւ սեղմել այնքան ժամանակ, մինչեւ որ կինը կորցրել է գիտակցությունը: 

Ալեքսեյը պատմել է, որ այդ պահին արթնացել է Իրինայի ավագ որդին` վեցամյա Իլյան: Հայրը գնացել է  երեխայի սենյակ, քնեցրել նրան, հետո վերադարձել եւ ավարտել սկսածը:

Այժմ Ալեքսեյ Կաբանովը պնդում է, թե իբր հանցանքը գործել է աֆեկտի վիճակում եւ չի գիտակցել` ինչ է անում: Մոտ ժամանակներս կնշանակվի հոգեբուժական փորձաքննություն: