Քննիչները հարցաքննել են լրագրող Իրինա Կաբանովայի սպանության մեջ մեղադրվող ամուսնու ծանոթուհուն: Հետաքննության ընթացքում հայտնի էր դարձել, որ այդ կնոջից Ալեքսեյ Կաբանովը վերցրել էր մեքենան՝ իբր իրերը տեղափոխելու համար: Հիշեցնենք, որ հաղորդվել էր նաեւ այդ կնոջ հետ Կաբանովի ունեցած սիրային կապի մասին:
Մոսկվացի Օլգա Ի.-ն, որն իր Skoda Fabia մեքենան տրամադրել էր 39-ամյա մարդասպան Ալեքսեյ Կաբանովին, հարցաքննության ժամանակ հայտարարել էր, թե ոչինչ չի իմացել: Հարցաքննությունից հետո Օլգան պահպանել է վկայի կարգավիճակը, հայտնում է LifeNews-ը: Նա հայտարարել է, որ հանցագործության մասին տեղյակ չի եղել, իսկ մեքենան Ալեքսեյին է տվել, քանի որ մտածել է, թե կնոջը որոնելիս պետք կգա:
Մինչդեռ պարզվել են սպանության նորանոր մանրամասներ:
Հիշեցնենք, որ Կաբանովայի համար ճակատագրական դարձած վեճը ծագել էր հունվարի 2-ի երեկոյան: Պատճառներից մեկն այն էր, որ Իրինան իմացել էր մրցակցուհու մասին: Հունից դուրս եկած Ալեքսեյը կնոջ պարանոցին էր փաթաթել համակարգչային ձայնասյուների լարը եւ սեղմել այնքան ժամանակ, մինչեւ որ կինը կորցրել էր գիտակցությունը:
Այնուհետեւ մարդասպանը մի քանի րոպե շեղվել էր. հարեւան սենյակում արթնացել էր Իրինայի ավագ որդին` Իլյան: Կաբանովը քնեցրել էր երեխային, հետո վերադարձել եւ սկսել Իրինային խեղդել ձեռքերով, այնուհետեւ հարվածել էր դանակով եւ մարմինը տարել լոգարան:
Հաջորդ օրը երեխաների ուշադրությունը խաղերով շեղելով, որպեսզի լոգարան չմտնեն, մարդասպանը մասնատել է մարմինը, տեղավորել պայուսակներում եւ տարել պատշգամբ: Այնտեղ է տարել նաեւ Իրինայի բջջային հեռախոսը, եւ որպեսզի չգտնեն, թաղել է ծաղիկների հողի մեջ:
Միայն Սուրբծննդյան նախօրեին է Կաբանովը որոշել պայուսակների մի մասը հանել փողոց եւ նետել հարեւան բակի աղբարկղ: Սարսափելի պարունակությամբ մյուս պարկերից ազատվելու համար` մարդասպանն ընկերուհուց խնդրել է նրա մեքենան:





























