Հայաստանում 2012 թ. հունվար-նոյեմբերին արտադրվել է 2.2 հազ. տոննա բուսական յուղ՝ 3.4 անգամ ավելի, քան 2011 թ. նույն ժամանակաշրջանում:
Բուսական յուղի արտադրությամբ մեր երկրում զբաղվում են 6-6 ընկերություններ, որոնցից երկուսը մասնագիտացված են կտավատի ձեթի արտադրությամբ: Դրանք են՝ «Արտուշ Սանոսյան եւ որդիներ» ընկերությունը, որն արտադրում է «Շիրակի կտավատի ձեթ», թեեւ գրանցված է Երեւանում: Մյուսը՝ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում գտնվող «Թության» ընկերությունն է:
«Արտուշ Սանոսյան եւ որդիներ» ընկերության տնօրեն Արտուշ Սանոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ձեթն արտադրում են սառը ճզմման միջոցով, որպեսզի Օմեգա 3 ճարպաթթուն չկորչի: Արդյունքում ինքնարժեքը բարձր է ստացվում (կգ-ի մեծածախ գինը՝ 3000 դրամ), իսկ պահանջարկը մեծ չէ: 7-8 տարի առաջ որոշ խմբաքանակ առաքել են ԱՄՆ, սակայն կայուն արտահանում կազմակերպելու համար անհրաժեշտ է ընդլայնել արտադրությունը, իսկ դրա համար միջոցները չեն բավականացնում: Կտավատ Հայաստանում աճեցվում է բարձրադիր գոտիներում՝ Ամասիայում, Վայոց Ձորում: Կտավատի ձեթն ունի բուժիչ նշանակություն:
«Շող» ընկերությունը Հայաստանում բուսական յուղերի խոշորագույն արտադրողն է, որի հիմնական հումքը արեւածաղիկն է: Թերեւս միակ ընկերությունն է, որը ձեթի արտադրությունը հասցրել է գործարանային աստիճանի:
Եւս մի քանի ընկերություն իրականացնում են բուսական յուղի արտադրություն հիմնականում բուժական կամ կոսմետիկայի նպատակներով, սակայն դրանց ծավալները մեծ չեն: Հայաստանի հյուսիսային շրջաններում տարածված է ձեթի արտադրությունը տնայնագործական եղանակով:


























