Ռուսական բանակը վերջապես որոշել է հրաժարվել «պորտյանկաներից» (ոտքի փաթաթաններ) եւ զինվորական ռետինե սապոգներից: Զինվորներին եւ սպաներին նոր ապրանքներով ապահովելու մասին հունվարի 14-ին պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ռոսիյսկայա գազետան» նշում է, որ «պորտյանկաները» եւ ռետինե սապոգները զինվորական զգեստապահարանից բացառվել էին մի քանի տարի առաջ: Սակայն թիկունքում դրանք դեռեւս գործածում են շարքայինները եւ սպաները: Պաշտպանության նախարարը այդ իրավիճակն անհեթեթ է համարել եւ հրամայել է, որպեսզի մինչեւ 2013թ. վերջը բանակում մոռանան «պորտյանկա» բառը:
Մինչդեռ թերթը գրում է, որ շատ զինծառայողների համար այդ որոշումը վիճելի է: Զինվորական կոշիկների հետ նախատեսված գուլպաներն արագ պատռվում են եւ տաք չեն պահում: Ամռանն էլ արագ քրտնում են եւ երկար չորանում: Այդ իմաստով «պորտյանկաներն» ավելի հարմար են զինվորական կյանքին:





























