«Առավոտ» թերթը զրուցել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ.

- Ժամանակին Կոտայքի մարզից պատգամավոր ընտրված, այժմ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն այսօր էլ որոշակի ազդեցություն ունի այդ տարածաշրջանում։ Որքանո՞վ է սա Ձեզ մտահոգում։ Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Սասուն Միքայելյանի հետ այժմ։

- Այդ  ազդեցությունը դրսեւորվեց եւ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, եւ Ազգայն ժողովի ընտրություններում, որտեղ Ձեր կողմից նշված անձնավորությունը, երկու թեկնածուի պարագայում, հայտնվեց պատվավոր երկրորդ տեղում։ Իսկ ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ապա ասեմ, որ մենք միմյանցից տրամագծորեն տարբեր մտածելակերպ եւ դաստիարակություն ունեցող մարդիկ ենք։

- Սասուն Միքայելյանը տարեվերջին լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկայում պատրաստվում է քաղաքական հայտարարությամբ հանդես գալ. նկատի առնելով այն հանգամանքը, որ նա ներկա չէր ՀՀՇ համագումարին, եւ պտտվող խոսակցությունները, որ Սասուն Միքայելյանի հարաբերություններն առաջին նախագահի եւ ՀԱԿ-ի հետ առաջվանը չեն, ըստ Ձեզ՝ ինչ հայտարարություն է անելու Սասուն Միքայելյանը, ի՞նչ խոսակցություններ են Ձեզ հասել այդ առթիվ։ ՀՀԿ-ն պատրա՞ստ է նրան հետ ընդունել։

- Ձեզ չի՞ թվում, որ այդ անձի մասին երկու դեպքերում անդրադառնալը փոքր-ինչ շատ է։ Բայց հարգելով լրագրողական Ձեր աշխատանքը՝ պետք է պատասխանեմ։ Կարծում եմ, որ Ձեզ հուզող հարցը պետք է ուղղեիք այդ անձնավորությանը։ Բայց, այնուամենայնիվ, հիշենք հայտնի ասացվածքը. «Չկան հավերժական թշնամիներ եւ հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր»։ Նայած թե այդ անձնավորության շահն այս պահին ինչի հետ կզուգորդվի։ Չեմ կարող ասել։ Միայն մի բան կարող եմ ասել՝ ՀՀԿ-ում մեկ անգամ գնացած հետ եկածներին երկրորդ գալուց արդեն չեն ընդունում...»,- մեջբերում է «Առավոտը»։