Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունները կկրեն տեխնիկական բնույթ: Այսօր՝ հունվարի 15-ին, ասուլիսում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա կարծիքով՝ բացի երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի, մնացած թեկնածուները հաղթանակի շանսեր փաստացի չունեն: Սա, ըստ նրա, թելադրված է նախորդ տարվա վերջին, ինչպես նաեւ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղված իրավիճակով:

Մինասյանի ներկայացմամբ՝ շատ հիմնական ուժեր հրաժարվել են նախագահական ընտրություններին մասնակցելուց, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը բարենպաստ է Սերժ Սարգսյանի համար: Ըստ նրա, գլխավոր խնդիրը՝ ԲՀԿ-ն ներգրավել կոալիցիայում եւ ՀՀԿ-ի արբանյակ դարձնել, հաջողությամբ չի պսակվել, քանի որ ԲՀԿ-ն հրաժարվեց մասնակցել ընտրություններին եւ նրա տեղը թափուր մնաց: Այդուհանդերձ, ՀՀԿ-ի ձեռքի տակ կան քաղաքական եւ վարչական լծակները, ինչպես նաեւ կոալիցիան ՕԵԿ-ի հետ:

Մյուս թեկնածուների՝ ընտրություններին մասնակցելու մոտիվացիայի մասին հարցին անդրադառնալով, քաղաքագետը նշեց, որ նրանց մի մասը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը եւ Արման Մելիքյանը նախկինում էլ են եղել Հայաստանի քաղաքական դաշտում եւ նրանց մասնակցությունը պայմանավորված է իրենց հետագա քաղաքական գործունեությամբ:

Սերգեյ Մինասյանի կանխատեսմամբ՝ ընտրությունների երկրորդ փուլ չի լինի, իսկ հետընտրական գործընթացները հանգիստ կանցնեն: «2007-2008 թվականների իրավիճակը, մեղմ ասած, շատ է տարբերվում ներկա վիճակից»,-ամփոփեց քաղաքագետը:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am