Կառավարության թիվ երկու մասնաշենքի աճուրդը տեղի կունենա մարտի առաջին տասնօրյակում: Այդ մասին այսօր՝ հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Կառավարության թիվ 2 մասնաշենքում են տեղաբաշխված արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, տարածքային կառավարման նախարարությունները:
Հիշեցնենք, որ 2012 թ. հոկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել ԱԳՆ շենքը 51,2 մլն դոլարով ուղղակի վաճառքի ձեւով օտարել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը, սակայն դեկտեմբերին այլ որոշում կայացվեց՝ շենքը վաճառել աճուրդի միջոցով:
«Էդուարդո Էռնեկյանը, «Տանգո» ընկերությունը չի փոշմանել շենքը գնել: Ընդամենը կար պայման, որ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող հողը պետք է գնեն եւ կառուցեն շենք, հետո այդ շենքը բաժնետոմսերի միջոցով կփոխանակվի ԱԳՆ շենքի հետ, իսկ մնացած գումարները կուղղվեն պետական բյուջե: Բայց եթե աճուրդով ավելի թանկ գին առաջարկվի, շենքը կվաճառվի հենց այդ գնորդին»,- ասաց Ա. Սահակյանը: Նրա տեղեկացմամբ՝ առաջիկայում «Տանգո» ընկերության հետ կկնքվի օտարման նախնական պայմանագիր: Սա նշանակում է, որ եթե աճուրդում 51,2 մլն դոլարը գերազանցող գին չառաջարկվի, ապա շենքը կօտարվի հենց «Տանգո» ընկերությանը:




























