Նախորդ՝ 2012 թվականը Լոռիի մարզի համար համաճարակաբանական առումով հանգիստ է եղել, այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռիի մարզային կեմնտրոնի պետ Կարինե Միրզոյանը` նշելով, որ վիճակը հանգիստ է եղել եւ ընդհանուր հիվանդացությունների առումով, եւ լոկալ բռնկումների չլինելով: «Տարին եղել է բավական հանգիստ աղիքային հիվանդությունների առումով, օդակաթիլայինների առումով, ջրծաղիկի ու այդ նույն գրիպի ու ընդհանրապես…»,- ասաց նա` հավելելով, որ դեպքեր այդուհանդերձ եղել են. «Եղել են սուր վարակիչ հիվանդությունների դեպքեր, որոնք հիմնականում անհատական բնույթ են կրում՝ ընտանեկան, կենցաղային ու կենցաղավարության հետ կապված, հիգիենիկ կանոնները չպահպանելու հետ կապված, շատ դեպքերում նաեւ չպատճառաբանված…»:
Որեւէ բնույթի բռնկումներ մարզում չեն գրանցվել, չեն գրանցվել նաեւ մասսայական թունավորումների դեպքեր:
Նշված ժամանակահատվածում մարզի ողջ տարածքում գրանցվել է բոտուլիզմից թունավորման 3 դեպք՝ 3 տուժածով եւ մեկ մահով: Գրանցվել է նաեւ սնկային թունավորման 9 դեպք՝ 15 տուժածով: Սնկային թունավորումից մահվան դեպքեր բարեբախտաբար չեն գրանցվել:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am




























