«ԱՄՆ-ին Կովկասում հետաքրքրում են իր աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերը, ուստի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգի այցելությունը մեր տարածաշրջան, ես դիտում եմ, որպես „տեսչական“ այց»,- նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ նա Երեւանում ճնշում է գործադրելու Սերժ Սարգսյանի վրա, որպեսզի Հայաստանը համաձայնի ընդունել մադրիդյան սկզբունքները, իսկ Բաքվի ու Անկարայի հետ Սթայնբերգը քննարկելու է հայ-թուրքական սահմանի բացման հարցը":
«Ես համարյա վստահ եմ, որ Ադրբեջանի ղեկավարության հետ Ջեյմս Սթայնբերգի հանդիպման ժամանակ քննարկվելու է հենց հայ-թուրքական մերձեցման հարցը, որպեսզի Բաքուն չխանգարի այդ գործընթացին: Նույնը կքննարկվի նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Այսինքն այդ երկու հանդիպումներում Բաքուն եւ Անկարան Վաշինգթոնի առաջ պետք է դնեն իրենց պայմանները` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ Սթայնբերգը հանդիպելու է ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո: Սակայն հաշվի առնելով օրերս Էրդողանի եւ Իլհամ Ալիեւ հայտարարությունները, ամերիկացիները չեն ստանալու ցանկալի արդյունք»,- ասել է քաղաքագետը:
Ալիզադեն նաեւ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդիրը Անկարայի համար այլեւս արդիական չէ՝ առնվազն մինչեւ 2011 թվականի խորհրդարանական ընտրությունները: «Այդպիսի լարված քաղաքական իրավիճակում Էրդողանի կառավարությունը առաջ չի մղի այդ գործընթացը: Երեւանը նույնպես հասկացել է, որ այդ հարցը թուրքերը հետաձգել են շատ երկար ժամանակով: Բոլոր դեպքերում վերջին խոսքը Անկարայինն է, եւ նրա տեսակետը հստակ է»,- ասել է նա:




























