Վրաստանում ազատված հայ ակտիվիստ, «Միասնական Ջավախք» կազմակերպության առաջնորդ Վահանգն Չախալյանը Ռուսաստանի հատուկ ծառայությունների օգտին աշխատելու համար չէր պատիժը կրում, ինչպես որ պնդում է Սահակաշվիլիի`
ընդդիմություն դարձած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը։ Նման պարզաբանմամբ է հանդես եկել Վրաստանի պատժի իրագործման, պրոբացիայի եւ իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին` ի պատասխան վրաց պետականության թիվ մեկ թշնամուն ազատելու մասին «Միասնական ազգային շարժման» հայտարարությանը:
Սուբարին պարզաբանել է, որ Չախալյանը դատապարտվել էր հասարակական կարգը խախտելու համար, ասել է նա «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
NEWS.am-ն ավելի վա հայտնել էր, որ «Միասնական ազգային շարժման» առաջնորդները մեծ աղմուկ էին բարձրացրել Չախալյանի ազատման կապակցությամբ: ՆԳՆ-ի նախկին ղեկավար, կուսակցության գլխավոր քարտուղար եւ նախկին վաևչապետ Վանո Մերաբիշվիլին հայտարարել էր, որ «Չախալյանը վրաց պետականության գլխավոր թշնամին է» եւ «ռուսական ռազմական հետախուզության գործակալ»: Միխայիլ Սահակաշվիլին իր հերթին Չախալյանին անվանել էր «ռուսական լրտես» եւ համեմատել Աբխազիայի առաջնորդ Վլադիսլավ Արձինբայի հետ: Չախալյանի ազատման պատասխանատվությունը նա դրել էր Իվանիշվիլիի վրա: Իվանիշվիլին էլ իր հերթին հայտարարել էր, որ Չախալյանի ազատ արձակվելուն ինքը չի միջամտել, քանի որ դա իր լիազորությունների մեջ չէր մտնում:
Հայ ակտիվիստ Վահագն Չախալյանը ազատ էր արձակվել հունվարի 24-ին` Վրաստանում հայտարարված համաներման շրջանակում: Նա ձերբակալվել էր 2008թ. հուլիսի 21-ին եւ մեղադրվել զենքի ու զինամթերքի ձեռքբերման եւ պահման, հասարակական կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչներին խմբակային դիմադրություն ցուցաբերելու մեջ: 2009թ. ապրիլի 7-ին դատարանը նրան դատապարտել էր 10 տարվա ազատազրկման:





























