Հայաստանում աննախադեպ իրավիճակ է, իշխանությունները իրենց քայլերի մասով չափը անցել են, եւ ստեղծվել է մի վիճակ, երբ Հայաստանի հետագան, ընդդիմության հետագա քայլերը կախված են ընդամենը վեց մարդուց: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

«Խորհրդարանական երեք ուժերը, որոնք միասին հավաքել են մոտ 46  տոկոս, չեն մասնակցում ընտրություններին: Նրանք հստակ ձեւակերպում չեն տվել, թե ինչ են անելու փետրվարի 18-ից հետո: Եւ եթե մյուս թեկնածուները հանում են իրենց թեկնածությունը, առաջանում է նոր մարտավարություն ընդդիմադիր ուժերի համար:  Ինձնից բացի վեց մարդուց է կախված, թե  ընդդիմադիր ուժերը ինչ պետք է անեն»,- ասաց նա՝ շեշտելով, որ ընդդիմադիր պառլամենտական եւ ոչ պառլամենտական ուժերը փետրվարի 19-ից հետո պետք է համագործակցեն:

Նա մեկ անգամ եւս հորդորեց քաղաքական ուժերին հանել իրենց թեկնածությունը եւ Սերժ Սարգսյանին քվեաթերթիկում թողնել միայնակ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am