Հայաստանի ոստիկանությունը պատասխանել է Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանի առաջարկին:
Արման Մելիքյանը Facebook-ի էջում գրել է. «Երեկ երեկոյան ինձ հասավ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի կողմից ինձ հասցեագրված նամակը, որում հստակ տրված են 2007-2013թթ. ՀՀ քաղաքացիություն ստացած այլ պետության քաղաքացիների եւ 2008-2012թթ.ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ թվային տվյալները: Այս մասին ավելի մանրամասն կխոսեմ երեքշաբթի օրը կայանալիք ասուլիսի ժամանակ:
Թեեւ այս տվյալները ամենեւին դեռ բավարար չեն ապագա ընտրությունների անցկացման օրինականությունն ապահաովված համարելու տեսանկյունից, սակայն շատ գնահատելի եմ համարում ԿԸՀ-ի եւ Ոստիկանության ԱՎ վարչության կողմից իմ առաջարկներին այսօրինակ արձագանքելը:
Արդեն ասել էի, որ մենք սկսված ենք համարում ընտրությունների օրինականության ապահովման խնդրի շուրջ իշխանությունների հետ մեր երկխոսությունը, այժմ տեսնենք, թե այն որչափ արդյունավետ կընթանա: Իշխանության կողմից այս ուղղությամբ արված ցանկացած դրական քայլ մենք կողջունենք»:





























