Հայաստանի բնակչությունն ամբողջովին պաշտպանված է H1N1 վիրուսով վարակվելու վտանգից եւ անհանգստանալու ոչ մի պատճառ չկա։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հուլիսի 23-ին հայտնեց գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։
Նա ասում է, որ ներկա պահին Հայաստանում H1N1 վիրուս չի հայտնաբերվել։ Օդակայաններում սանիտարական խիստ վերահսկողություն է իրականացվում, գործի են դրվել վիրուսը հայտնաբերող ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամռան շրջանում, Արա Ասոյանի խոսքերով, H1N1-ը նվազ վտանգավոր է դառնում, քանի որ բարձր ջերմաստիճանը ոչնչացնում է վիրուսը։ Բժիշկն ասել է, սակայն, որ աշնանը վիրուսը կարող է ակտիվանալ, քանի որ այդ ժամանակ վերսկսում է դպրոցների ու բուհերի աշխատանքը եւ եղանակը խոնավանում է։ «Որքան շատ է շփումը մարդկանց մեջ, այնքան մեծ է միմյանցից վարակվելու վտանգը ։ Աշնանն է, որ մարդիկ վերադառնում են արտասահմանյան հանգստից եւ իրենց հետ կարող են բերել գրիպի հարուցիչը»,-ընդգծեց Ասոյանը։
Անդրադառնալով Հայաստան-Վրաստան չվերթով թռչող Վրաստանի քաղաքացու մոտ հայտնաբերված վիրուսին՝ բժիշկն ասաց, որ մտահոգվելու կարիք չկա։ «Այդ տեսակի գրիպով վարակվելու ինդեքսը շատ ցածր է 20-22%։ Մարդը, եթե նույնիսկ „խոզի գրպով“ հիվանդի կողքին նստի, չի վարակվի»-ասում է վարակաբանը։ Բժիշկը հավաստիացնում է, որ հիվանդանոցներում բավականաչափ դեղամիջոցներ կան համաճարակի զանգվածային տարածումը կանխելու համար։




























