«Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ավանդույթ է դառնում ճակատագրական որոշումների մասին, չգիտես ինչու, արտասահմանում հայտարարելը»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանը, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը:

«Եթե հիշում եք, հայ-թուրքական այս տխրահռչակ գործընթացի մասին նա հայտարարեց Մոսկվայում: Այժմ էլ այդ գործընթացի արագացման մասին հայտարարվում է Լոնդոնից, հետեւաբար, կարելի է ասել, որ նմանատիպ շտապողականությունն, այնուամենայնիվ, ըստ մեզ, չի բխում հայ ժողովրդի այսօրվա շահերից, որովհետեւ այս ընդհանուր գործընթացից շահել է միայն Թուրքիան: Շուտով մեկ տարի կլինի, սկսած ճանապարհային քարտեզի մասին հայտարարելուց, բայց ինքս առայժմ չեմ տեսնում, որ հայկական կողմի դիվիդենտը որն են»,- կարծիք հայտնեց ՀՌԱԿ ատենապետը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ հայ-թուրքական արձանագրություններն արդեն ուղարկվել են ԱԺ` վավերացման համար, Հ. Առաքելյանն արձագանքեց. «Ես կրկնեմ, որ պետք չէ արհեստական շտապողականություն ցուցաբերել հայ ազգի համար ցավոտ հարցում: Ավելի ճիշտ կլիներ սպասել թուրքական կողմին, որովհետեւ ում հետ որ մենք պայմանագիր ենք կնքել, այդ երկրի պետական այրերի կողմից տարատեսակ կարծիքներ են հնչում ե՛ւ ԼՂ հարցի, ե՛ւ ցեղասպանության հարցերի հետ կապված, անգամ վիրավորական»: