ԱՄՆ-ը Վրաստանի շահերի ոտնահարման հաշվին չի պատրաստվում կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ Վրաստանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ։ Ըստ նրա, ամերիկյան վարչակազմը այն ակզբունքին է հակված, որ ինքնիշխան եւ ժողովրդավարական երկիրը ինքնուրույն պետք է ընտրի գործընկերներին։

Նա նաեւ հպարտությամբ հիշեցրել է, որ ԱՄՆ-ը միլիարդավոր դոլարներով օգնում է Վրաստանին։ «Դրանով իսկ Վրաստանը ԱՄՆ-ի կողմից ստանում է բնակչության հաշվարկով աշխարհի ամենամեծ օգնությունը»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը, հավելելով, թե իր երկիրը կշարունակի տրամադրել օգնություն Վրաստանի ռազմական համակարգերի բարեփոխումների եւ զինուժի նորացման համար։

Ամերիկացի հյուրը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը գնահատում է ՆԱՏՕ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումը եւ մտադիր է շարունակել այդ առնչությամբ իր աջակցությունը։ Բայդենը հորդորել է երկրի իշխանություններին, որ վերջիններս հիշեն իրենց պատասխանատվության մասին, իսկ ընդդիմությանը անդրադառնալիս ասել է, որ փողոցը այն տեղը չէ, որտեղ կարելի է լուծել մի շարք կարեւորագույն հարցեր։ «Միայն ժողովրդավարական Վրաստանը ի զորու կլինի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։ Եվ ուժը՝ միասնականության մեջ է»,- ասել է նա, հավելելով, թե ինքն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «աղոթում են Վրաստանի բաղձալի երազանքի իրագործման համար»։